«Ժառանգություն» կուսակցությունը դեռ քննարկում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ձեւաչափը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ չբացառելով, որ հնարավոր է իրենք ընտրություններին մասնակցեն դաշինքով:
Արմեն Մարտիրոսյանը կարծիքով՝ շատ բացասական է, որ ընտրությունները տեղի են ունեալու գործող ընտրական օրենսգրքով:
«Ես կարծում եմ, որ պետք էր ամեն ինչ արվեր, որ նոր ընտրական օրենսգիրքն անցկացվեր: «Ժառանգությունը» մինչ այդ բռնությունների, հետապնդումների ներքո է մասնակցել, ուր մնաց վատ ընտրական օրենսգրքի պայամաններում չմասնակցի, ուղղակի բոլոր հարցերը պետք է այս դեպքում քննարկվեն, եւ բոլոր հարցերը ծանրութեթեւ արվեն»,- ասաց նա:
Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ այն, ինչ արվեց Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելու համար, նույնը պետք է արվեր նոր ընտրական օրենսգիրքը հաստատելու համար: Գործող ընտրական օրենսգիրքը «Ժառանգության» փոխնախագահի կարծիքով ամենաշատը ձեռնտու է Հանրապետական կուսակցությանը:
«Գործող ընտրական օրենսգիրքը ամենաշատը ձեռք է տալիս հանրապետականներին, որ ձեռք չտար՝ ինչո՞ւ պետք է դեմ լինեին նոր ընտրական օրենսգրքին:
Մինչ այդ շանս չունեին խորհրդարանում հայտնվելու, բայց հիմա այլեւս ունեն շանսեր»,- ասաց նա:Արմեն Մարտիրոսյանը հավելեց, որ դեռ իրենց նախընտրական ցուցակը չեն կազմել:
Նշենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2018 թ.-ի դեկտեմբերի 9-ին, նախընտրական քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ից։ Կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները կարող են իրենց հայտերը ներկայացնել մինչև նոյեմբերի 14-ը, ժամը 18։00-ն։ Դրանք ԿԸՀ-ն կգրանցի մինչև նոյեմբերի 19-ը, ժամը 18։00-ն։ Քարոզչության ժամանակահատվածը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ն է. ընտրական օրենսգրքով սահմանվել է 12-օրյա ժամկետ:



























