Չինաստանի տնտեսական վերափոխումը փոխել է ոչ միայն երկրի ներքին կյանքը, այլեւ ամբողջ համաշխարհային տնտեսությունը: Այս մասին հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիսթին Լագարդը:
«Չինաստանը 40 տարի առաջ սկսեց մնացյալ աշխարհին տանող կամուրջ կառուցել՝ իր տնտեսությունը բացելով եւ խթանելով բարեփոխումների սկիզբը, որոնք հարյուր միլիոնավոր մարդկանց կյանքը եւ հնարավորությունները փոփոխեցին թե՛ այստեղ, թե՛ Չինաստանի սահմաններից դուրս»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է Լագարդը:
Ելույթ ունենալով Շանհայում Առաջին միջազգային ներմուծման ԷՔՍՊՕ-ի բացմանը՝ նա նշել է, որ Չինաստանը վերափոխել է ոչ միայն իրեն, այլեւ համաշխարհային տնտեսությունը՝ «իրեն փոփոխելով առեւտրի միջոցով, ծանր աշխատանքի միջոցով, սովորելով ուրիշներից»:
«Չինաստանն ապագա տանող կամուրջ է կառուցում՝ ամրապնդելով միջազգային համագործակցությունը, հատկապես առեւտրում: ԱՄՀ անունից ես դիմել եմ բոլոր կողմերին կոչով՝ վերացնել լարվածությունը եւ լուծել գոյություն ունեցող առեւտրային վեճերը, քանի դեռ գործող առեւտրի համակարգը չի կործանվել: Այս նպատակներին հասնելու համար, մենք ավելի մեծ միջազգային համագործակցության անհրաժեշտություն ունենք, եւ ոչ մի դեպքում ավելի փոքր»,- հավելել է նա:




























