ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը հատկացվող բյուջետային միջոցները նախատեսվում է 2019-ին ավելացնել 6,8 %-ով. Կրթության եւ գիտության ոլորտին կհատկացվի 138 մլրդ 126.4 մլն դրամ` 2018-ի 129 մլրդ 317.9 մլն դրամի փոխարեն, ծախսերի աճը կազմելու է 8 մլրդ 808.5 մլն դրամ կամ 6.8 տոկոս: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 5-ին, ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ԿԳ նախարարի պաշտըոնակատար Արայիկ հարությունյանը:

Նրա խոսքով, մի շարք ուղղություններով հատկացվող գումարն ավելացել է. մասնավորապես, 2019-ին նախատեսվում է հանրակրթության ոլորտին հատկացվող գումարն ավելացնել 4,3 միլիարդ դրամով, 2,8 մլրդ դրամ հատկացվելու է դպրոցաշինությանը, որն իրականացվում է ՀԲ-ի աջակցությամբ կրթության բարելավում ծրագրով:

Արայիկ Հարությունյանը նկատեց, որ օպտիմալացման անհրաժեշտություն կա թե միջին մասնագիտական ոլորտում, թե բուհական, թե գիտության ոլորտներում:

Նրա խոսքով, իրենք ուսումնասիրել են Գերմանիայի փորձը, որը եւս ունեցել է նման ուռճացված բուհական համակարգ, սակայն 1990-ականներին գնացել են բարեփոխումների. «Գերմանացի փորձագետները մեծ զարմանք ապրեցին, երբ իմացան, որ Հայաստանում ավելի քան 60 բուհ կա: Այս ուղղությամբ Գերմանիան եւս մեծ աջակցություն պետք է ցուցաբերի»:

Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ 2019 թվականին ԵՄ աջակցությամբ կսկսվի մի ծրագրի իրագործում, որի արդյունքում կստեղծվեն միջին մասնագիտական հաստատություններ. «Հաջորդ տարի դա լինելու է Ստեփանավանում եւ Վանաձորում: Նման 8 հաստատություն է կառուցվելու ԵՄ աջակցությամբ: 4-5 տարի հետո կունենանք ռեալ արդյունքներ: