Հասարակության գիտակցության մեջ տեղի է ունեցել հեղափոխություն, սակայն քաղաքական համակարգը ադեկվատ չէ նոր իրավիճակին, այն մնացել է նախահեղափոխական իրավիճակում, ինչի ականատեսն ենք այսօր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

Անդրադառնալով ԱԺ արտահերթ ընտրություններին եւ քաղաքական ուժերի շանսերին, նա նշեց. «Կասկած չկա, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքը կլինի խորհրդարանում, իսկ երկրորդը կլինի ԲՀԿ-ն: Թե որ ուժը կլինի երրորդը, դժվար է ասել: Կան կարծիքներ, որ դա կլինի ՀՀԿ-ն: Հաշվի առնելով, որ քաղաքական դաշտի խաղացողներն իրականացնում են գործողություններ, որոնք ոչ մի կերպ չեն տեղավորվում հեղափոխության տրամաբանության մեջ, հետեւաբար, դժվար է տրամաբանության սահմաններում ասել, թե որ ուժը կլինի երրորդը»:

Արմեն Բադալյանի խոսքով, ԱԺ անցնելու շանսեր են պահպանում նաեւ «Սասնա ծռերը» եւ «Լուսավոր Հայաստանը», իսկ ՀՅԴ շանսերը նվազագույնն են:

«Եթե Սասնա ծռերը նորմալ քարոզարշավ իրականացնեն, հնարավոր է, որ անցնեն խորհրդարան: Այս ուժը» իրեն համարում է հեղափոխության կողմնակից եւ կարող են որոշ ձայներ տանել հեղափոխական ընտրազանգվածից: Բացի այդ, «Սասնա ծռերի» կողմից 2 տարի առաջ ՊՊԾ գունդը գրավելու հիշողությունը դեռ կա եւ դա էլ կարող է ձայներ բերել:

«Լուսավոր Հայաստանը» եւս եթե կարողանա ներկայանալ որպես արեւմտամետ ուժ եւ գրագետ քարոզարշավ իրականացնել, հնարավոր է, որ եւս մեկ անգամ երրորդ տեղը զբաղեցնել:

ՀՅԴ-ն կարող էր հաղթահարել նվազագույն շեմը, բայց հոկտեմբերի 2-ից հետո, երբ նա դեմ դուրս եկավ արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին անցկացնելուն, այս ընթացքում նաեւ Երեւանի ընտրություններում շատ քիչ քվե ստացավ, դժվար թե անցնի 5 տոկոսը: «Այսպիսով, անցնում են «Իմ քայլը» եւ ԲՀԿ-ն. կասկածելի է, որ կանցնեն ՀՀԿ-ն, «Լուսավոր Հայաստանը», «Սասնա ծռերը», իսկ ՀՅԴ-ն ամենայն հավանականությամբ չի հաղթահարի շեմը»,- հայտարարեց քաղտեխնոլոգն ու հավելեց. «Սրանցից դուրս բոլոր ուժերի մասին կարելի է հստակ ասել, որ չեն հաղթահարի նվազագույն շեմը, այդ թվում «Ժառանգությունը» ՀԱԿ-ը, Ազատ դեմոկրատները, ԱԺՄ-ն, ԱԻՄ-ը եւ այլն: