ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Վաղարշապատի համայնքապետարանում և դրա ենթակայությամբ գործող կազմակերպություններում արձանագրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ։
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ՊԿ դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության բաժնից:
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ստացված նյութերի ուսումնասիրությամբ մի շարք խախտումներ են արձանագրվել Վաղարշապատի տնտեսության կառավարման տարբեր ոլորտներում։
Մասնավորապես՝ պարզվել է, որ Վաղարշապատի (Էջմիածնի) համայնքապետարանում 2015-2018թթ. ընթացքում գնումների գործընթացն իրականացվել է ոլորտը կարգավորող իրավական ակտերի պահանջների խախտումներով, ինչի հետևանքով գործարքներ են կնքվել նախկին քաղաքապետին փոխկապակցված որոշ ընկերությունների հետ և պայմանագրերի սկզբնական արժեքները, մի շարք դեպքերում առանց համապատասխան հիմնավորումների, ավելացվել են 20 տոկոսով՝ համայնքապետարանին պատճառելով էական վնաս:
Խախտումներ են արձանագրվել նաև հողի աճուրդային կարգով օտարումների գործընթացում։ ՊՎԾ-ի կողմից փաստաթղթերի ընտրանքային ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ աճուրդներին մասնակցելու հայտ են ներկայացրել միայն երկու մասնակից, աճուրդը կայացված է համարվել աճուրդային երկու քայլից հետո, իսկ մեկնարկային գինը սահմանվել է հողի կադաստրային արժեքից մի քանի անգամ պակասմ և հողերը վաճառվել են դրանց կադաստրային արժեքի 50%-ից պակաս արժեքով՝ էական վնաս պատճառելով համայնքապետարանին:
Համայնքապետարանի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից 2013-2018թթ. պատշաճ միջոցներ չեն ձեռնարկվել՝ համայնքի վարչական տարածքում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվությունների և այդ գործունեության համար նախատեսված տուրքերը գանձելու ուղղությամբ:
Բացի այդ՝, չարաշահումներ են ի հայտ եկել նաև համայնքապետարանին և ենթակա հիմնարկներին պատկանող տրանսպորտային միջոցների համար հատկացվող գազի տնօրինման գործընթացում. ընտրանքային չափագրման արդյունքում պարզվել է, որ գազի ծավալի ծախսի գերագնահատումից համայնքի կրած վնասը կազմել է 71.864.000 դրամ, իսկ գնի գերագնահատումից՝ 13.542.000 դրամ:
Խախտումներ են արձանագրվել նաև թիվ 2 երաժշտական դպրոցի շինարարական աշխատանքներում. տեղազննության արդյունքներով պարզվել է, որ կատարողական ակտերով ներկայացված աշխատանքների համեմատ առկա են էական անհամապատասխանություններ, և այս դեպքում ևս առանց հիմնավորման պայմանագրային արժեքն ավելացվել է 20 տոկոսով:
Ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ համայնքապետարանը պատշաճ միջոցներ չի ձեռնարկել նաև՝ ապօրինի շինարարությունը կասեցնելու, (հայտնաբերվել է նման 5 դեպք), անհրաժեշտության դեպքում վարչական տույժ նշանակելու ուղղությամբ:
Բացի այդ՝ համայնքապետարանին ենթակա «Բարեկարգում» ԲՀ-ում, «Բնակ-Կոմունալ» ԲՀ-ում տարբեր հաստիքներում 2015-2018թթ. ընթացքում գրանցվել են տարբեր անձինք, որոնք փաստացի աշխատանքի չեն ներկայացել, սակայն նրանց անունով հաշվարկվել և վճարվել է աշխատավարձ:
Արձանագրված խախտումների հետևանքով համայնքապետարանին պատճառված վնասը, նախնական հաշվարկներով, ընդհանուր կազմում է 590 մլն. դրամ։
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 315.2-րդ հոդվածով։
Մշակվել է քննչական պլան և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։


























