Հայկական հասարակությունն ինքը պետք է որոշի՝ ընդունում է արդյոք «Սասնա ծռեր» քաղաքական ուժին։ Այս մասին «Արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակությունը ԵՄ-ի եւ Հայաստանի հարաբերությունների համար» սեմինարի ժամանակ ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին։
«Դուք պետք է որոշեք՝ ընդունում եք արդյոք այս քաղաքական ուժին, թե՝ ոչ։ Պետք է որոշի ընտրողը։ Նույնը վերաբերում է համաներմանը։ Ոչ ոք դրսից խորհուրդներ չպետք է տա։ Պահեր կան, երբ դուք խորհուրդները չպետք է ընդունեք։ Հարցեր կան, երբ դուք ինքներդ պետք է որոշեք՝ ինչպես ապրել»,- նշեց նա։
Սվիտալսկին ընդգծեց, որ 20-րդ դարում Եվրոպայում կային քաղաքական գործիչներ, որոնք անցյալում վիճելի գործողություններ էին կատարել, որոնք հասարակության կողմից միանշանակ չէին ընդունվում։ Նա բերեց Իսրայելի, Հյուսիսային Իռլանդիայի օրինակը, որոնք դա «ավելի սուր ձեւով» են անցել։



























