Կաշառք ստանալուն օժանդակելու համար մեղադրվող գործարար Սամվել Մայրապետյանի պաշտպանները վերադաս դատախազին բողոքարկել են Մայրապետյանին պատկանող գույքի վրա կալանք դնելու որոշումը։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց Մայրապետյանի պաշտպան Կարեն Բատիկյանը։
ՀՀ գլխավոր դատախազությունից NEWS.am–ին հայտնեցին, որ բողոքը քննարկման փուլում է։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել էր «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում գտնվող Սամվել Մայրապետյանին։
ՄԻՊ–ի հետ տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում Սամվել Մայրապետյանը նշել էր, որ իր ողջ ունեցվածքի վրա կալանք դնելու պատճառով, չի կարողանում լրացուցիչ ֆինանսավորել Հ2 հեռուստաընկերությանը, ինչը կարող է հանգեցնել հեռուստաընկերության փակմանը:
Նշենք, որ օրեր առաջ ՀՀ գլխավոր դատախազությունը մերժել էր մտավորականների անձնական երաշխավորությամբ Մայրապետյանի խափանման միջոցը փոխելու՝ պաշտպանական կողմից միջնորդությունը։
Հայրապետյանի պատշաճ վարքագիծը երաշխավորել էին հայտնի լրագրողներ, լրագրողական միավորումների և ակումբների ղեկավարներ, միջազգային լրատվական գործակալությունների ներկայացուցիչներ, գիտնականներ, հոգևորականներ, բժիշկներ ու գործարարներ:
Հիշեցնենք, որ Սամվել Մայրապետյանը կալանավորվել է հոկտեմբերի 9–ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Մաթևոսյանի որոշմամբ։
Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-311 հոդվածի հատկանիշներով (կաշառք ստանալուն օժանդակելը):




























