59-ամյա սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությունից հետո Էր Ռիադը դեպքի վայր մասնագետներ է ուղարկել, որոնց խնդիրը եղել է թաքցնել հանցագործության հետքերը։ Այս մասին հայտարարել է թուրքական կառավարության ներկայացուցիչը։ Նա նաեւ հավելել է, որ փորձագետների մեջ եղել է քիմիկոս եւ թունաբան՝ տեղեկացնում է DW-ն։

«Մենք կարծում ենք, որ նրանք երկուսն էլ Թուրքիա են եկել թուրքական ոստիկանության խուզարկությունից առաջ Ջամալ Խաշոգջիի սպանության ապացույցները վերացնելու միակ նպատակով»,- ասել է նա։

Թուրքական կառավարությունը Daily Sabah-ին ավելի վաղ հայտնել էր, որ, այսպես կոչված, «քննչական խումբը» մի քանի օր աշխատել է հյուպատոսության տարածքում, եւ նրանց այցը Թուրքիա վկայում է այն մասին, որ «Սաուդյան Արաբիայի ամենավերեւները տեղյակ են եղել դրանից»։

Հիշեցնենք, որ Ստամբուլի գլխավոր դատախազը հայտարարել էր, թե Խաշոգջին խեղդամահ է արվել հյուպատոսության շենք մտնելուց անմիջապես հետո, նրա սպանությունը եղել է կանխամտածված, եւ նրա մարմինը անդամահատել ու ոչնչացրել են։

Սաուդցի հայտնի լրագրող Ջամալ Խաշոգջին հոկտեմբերի 2-ին փաստաթղթեր վավերացնելու համար մտել էր Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն եւ անհետացել։ Կարծիք կա, որ նրան այնտեղ սպանել են՝ Էր Ռիադի դեմ քննադատական հոդվածներ գրելու համար։ Սաուդյան Արաբիան սկզբում այդ ամենը հերքում էր՝ պնդելով, որ լրագրողը հյուպատոսությունից դուրս գալուց հետո է անհետացել, սակայն այժմ ընդունում է, որ լրագրողը սպանվել է, սակայն՝ «պատահաբար»։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ դա մանրամասն կազմակերպված սպանություն է եղել։ Խաշոգջիի մարմինը դեռեւս չի գտնվել։