Իտալական ոստիկանությունը Հռոմում Վատիկանի դեսպանությունում կրկին մարդկային մարմնի մնացորդներ է գտել՝ տեղեկացնում է ANSA-ն։

Ոստիկանները գանգի եւ ծնոտի մասեր են գտել։ Գործակալության տվյալներով՝ դրանք կօգնեն իմանալ, թե ում են պատկանում մյուս մասերը, որ գտնվել էին մեկ շաբաթ առաջ։ Կմախքները ստորին վերջույթներ չունեն։

Հռոմի համալսարանի դատաբժշկական ամբիոնի վարիչն ասել է, թե գտածոները կարծես շատ քայքայված չեն, եւ հավելել է, որ ամեն ինչ կպարզվի քննությունից հետո։

Հոկտեմբերի 30-ին, դեսպանության շենքի վերանորոգման աշխատանքների ժամանակ մարդու կմախքի մասեր էին գտնվել։ Դեռեւս հայտնի չէ՝ դրանք մի մարդու են պատկանում, թե մի քանի, ինչ տարիքի, սեռի է եղել կամ երբ է մահացել հանգուցյալը կամ հանգուցյալները։

ANSA-ն ենթադրում է, որ մարմնի մնացորդները կարող են պատկանել երկու կանանց՝ Էմանուել Օրլանդիին եւ Միրել Գրեգորիին, ովքեր անհետ կորել են 1983թ․։ Օրլանդին Վատիկանի կրոնական հարցերով ինստիտուտի աշխատակիցներից մեկի դուստրն էր։