Երեք անձի առեւանգման եւ ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ մեղադրվող Արթուր Ասատրյանի (Դոն Պիպո) դեմ հարուցված քրեական գործը համաներման արդյունքում չի կարճվի: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Ասատրյանի պաշտպան Գեղամ Հակոբյանը: Նրա խոսքով՝ համաներումը իր պաշտպանյալի նկատմամբ կարող է կիրառվել միայն երբ դատարանը պատիժ նշանակի՝ հանցագործությունների համակցության արդյունքում:
Հակոբյանի խոսքով, սակայն իր պաշտպանյալը չի ընդունում առաջադրված մեղադրանքները:
«Մեր գնահատմամբ՝ նրան մեղադրանք առաջադրելու հիմք ի սկզբանե չի եղել, չկա եւ չի էլ կարող լինել, որովհետեւ նրա մեղավորությունն ապացուցող որևէ պատշաճ ապացույց մեր տրամադրության տակ չունենք»,- ասաց նա:
Նշենք, որ այս գործով նախաքննությունը դեռևս չի ավարտվել:
Մեզ հետ զրույցում Գեղամ Հակոբյանը նշեց, որ Ասատրյանին գրավի դիմաց ազատ արձակելուց հետո որեւէ քննչական գործողություն չի կատարվել:
Նա նաև նշեց, որ ազատ արձակվելուց հետո Ասատրյանը չի լքել ՀՀ տարածքը, թեեւ օրենքով դրա իրավունքն ուներ:
Հիշեցնենք, որ Արթուր Ասատրյանը կալանավորվել էր 2018թ. հունիսի 19-ին: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 6-րդ կետերի («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առեւանգումը») եւ 235-րդ հոդվածի 2-րդ մասի («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն եւ ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը եւ պահելը») հատկանիշներով: Սեպտեմբերի 20-ին դատարանի որոշմամբ փոխվել էր Ասատրյանի խափանման միջոց կալանավորումը. նա 50 միլիոն դրամ գրավի կիրառմամբ ազատ էր արձակվել:
Հիշեցնենք, որ «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Առաջին Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ է մտել այսօր՝ նոյեմբերի 6-ին: Այն տարածվելու է շուրջ 6500 անձանց, այդ թվում 650 դատապարտյալների վրա:




























