Նոյեմբերի 7-ին Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի պատճառների շարքում տեղ են գտել տեխնիկական եւ ծառայության կազմակերպման հետ կապված մի շարք կոպիտ բացթողումներ։ Այս մասին պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ ասել է նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը։

Ողբերգական պատահարի զոհերի հարազատներին իր խորին ցավակցությունն է հայտնել պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը, նշելով, որ ընթանում է ծառայական քննություն, որի նախնական արդյունքներով արդեն իսկ ակնհայտ է, որ ողբերգության պատճառների շարքում տեղ են գտել տեխնիկական եւ ծառայության կազմակերպման հետ կապված մի շարք կոպիտ բացթողումներ։ Դավիթ Տոնոյանը վստահեցրել է, որ մեղավորները պատասխանատվություն կկրեն օրենքի ողջ խստությամբ։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նոյեմբերի 7–ին ժամը 13.00-ի սահմաններում, N զորամասի հաշվեկշռում գտնվող «Կամազ» մակնիշի ավտոմեքենան Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ գլորվել ձորը, ինչի հետեւանքով ավտոմեքենայի վարորդ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդգար Արմենի Հունանյանը եւ ավտոմեքենայի թափքում գտնվող պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Հայրապետ Վոլոդյայի Նաիրյանը, Հրանտ Արայի Գասպարյանը եւ Դավիթ Բենիամինի Մելքոնյանը ստացած մարմնական վնասվածքներից մահացել են: Վթարի հետեւանքով բեռնատարի թափքում գտնվող զինծառայողներից 8–ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի զինվորական հոսպիտալ եւ «Գորիս» բժշկական կենտրոն:

Նշենք, որ վթարի պահին բեռնատարում եղել է 21 զինծառայող, որից 19-ը՝ թափքում: Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։