Զբոսաշրջության եւ ճանապարհորդությունենրի համաշխարհային խորհրդի (WTTC) զեկույցում Մեքսիկայի Կանկուն քաղաքը անվանվել է զբոսաշրջությունից ամենամեծ կախվածություն ունեցող քաղաք,  քանի որ այս ոլորտը ձեւավորում է նրա ՀՆԱ-ի գրեթե կեսը՝ 49.6 տոկոսը: Այս մասին հաղորդում է Lonelyplanet-ը:

Կանկունը մինչեւ 1972 թվականը սովորական ձկնորսական գյուղ էր, որը վերածվեց հայտնի հանգստավայրի: Այժմ օտարերկրյա զբոսաշրջիկների 63 տոկոսը ԱՄՆ քաղաքացիներ են:

WTTC-ի ցուցակի երկրորդ տեղում է Մարաքեշը (30.2 տոկոս): Օտարերկրյա զբոսաշրջիկների մեկ երրորդը ֆրանսիացիներ են:

Վարկանիշի երրորդ տեղում Մակաոն է: Այստեղ զբոսաշրջության ոլորտի եկամուտները կազմում են ՀՆԱ-ի 29.3 տոկոսը: Զբոսաշրջության ոլորտից ամենաշատ  կախվածություն ունեցող հնգյակում ներառվել են ամերիկյան Օռլանդոն (ՀՆԱ-ի 18.7 տոկոսը) եւ Թուրքիայի Անթալիա քաղաքը (ՀՆԱ-ի 17.6 տոկոսը):

Զբոսաշրջությունից ամենից շատ կախվածություն ունեցող քաղաքների տասնյակում ընդգրկվել են նաեւ Վենետիկը, Դուբրովնիկը, Դուբայը, Լաս Վեգասը եւ Բանգոկը: