Հանրային սպասելիքները այլ էին այս բյուջեից, ենթադրվում էր նոր Հայաստան, նոր որակի բյուջե, սակայն ունենք իներցիոն բյուջե: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 13-ին, ԱԺ-ում 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ դիմելով ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանին ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ բագրատյանը:
Նա հարց ուղղեց, թե արդյոք բյուջեով նախատեսված ծախսերը, որ պետք է արվեն որակյալ են. «Այսինքն բյուջեի հիմքում պետք է դրվի նաեւ խրախուսելիությունը: Եթե ուզում ենք ՏՏ ոլորտը զարգացնել, չպետք է հաջորդ տարի բյուջեում այդ ոլորտի համար նույն գումարը դնենք, այլ այն ճյուղերից, որտեղ չունենք զարգացում կամ չենք համարում առաջնահերթություն, պիտի չերկնչենք եւ համարձակ ձեւով տեղաշարժ անենք»,-ասաց Բագրատյանը:
Ի պատասխան Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ բյուջեի միայն 10 տոկոսն է հայեցողական, որ կարող է կառավարությունը ուղղել այս կամ այն ոլորտին. «Այն ոլորտները, որով ըստ նախագծի, պետք է ներդրումներ արվեն, որեւէ մասնավոր չի անի: Այսինքն պետության խնդիրը ենթակառուցվածքները բարելավելն է: Ենթակառուցվածքներում որեւէ մասնավոր ներդրում չի անի: Իսկ պետությունը դա անելուց հետո արդեն ստեղծում է այն միջավայրը, որի վրա մասնավորը կարող է անել ներդրումներ ու ստեղծել որոշակի ակտիվներ»:




























