Սա համարում եմ իներցիոն բյուջե, քանի որ հիմնված է պարամետրերի վրա, որոնք ստացել ենք որպես ժառանգություն: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 13-ին, ԱԺ-ում 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, ընթացիկ քաղաքական որոշումները հաշվի առնված չեն բյուջեի նախագծում, ինչը չի նշանակում, որ ցանկացած պահի դրանք չեն հաշվի առնվի եւ ներառվի բյուջեում. «Այդուհանդերձ, մեր բյուջետային քաղաքականության մեջ տեղի են ունեցել շրջադարձային փոփոխություններ: Մեր բյուջետային եւ տնտեսական քաղաքականությունը կարելի է անվանել աշխատանքի խրախուսման քաղաքականություն: Մեր քաղաքական գործունեության ողջ ընթացքում որպես հանրային փոփոխությունների կարեւորագույն պայման մենք համարում ենք անհատական ջանքը: Երկրում չեն կարող տեղի ունենան դրական փոփոխություններ, եթե դրա հիմքում ընկած չէ անհատական ջանքը»,-ասաց Փաշինյանը:
Նա ընդգծեց, որ նախկինում տնտեսական աճ ու զարգացում ասելով նկատի են ունեցել, որ ինչ-որ խորհրդավոր տեղից պետք է գան խորհրդավոր մարդիկ ու զարգացնեն պետությունը, իսկ կառավարություն էլ պետք է զբաղվի այդ ընկերությունների հետ հարաբերությունների կարգավորմամբ:
«Հիմա մենք տնտեսական աճ ասելով նկատի ենք ունենում համընդհանուր ջանքի մեկտեղում: Այսինքն յուրաքանչյուրի համար պետք է ստեղծել տնտեսական գործունեությամբ զբաղվելու իրական հնարավորություն: Քաղաքական մակարդակում այդ խնդիրը լուծել ենք, որովհետեւ այլեւս ՀՀ-ում չկան մենաշնորհներ, տնտեսական գործունեության սահմանափակումներ, ներմուծման ու արտահանման արգելքներ: Առաջիկա շրջանում մեզ համար կարեւորագույն խնդիրը լինելու է տնտեսական պայմանների ապահովումը, որ տնտեսական գործունեության ցանկացած ձեւ մատչելի լինի բոլորի համար դե յուրե եւ հնարավորինս շատ մարդկանց համար դե ֆակտո»:




























