«Ես ոչ կրոնապաշտ մարդ եմ եւ ոչ էլ քուրդ։ Ես ոչ հոմոսեքսուալիստ եմ եւ ոչ էլ քրիստոնյա։ Ես ոչ հայ եմ եւ ոչ էլ Հռոմից եմ, սակայն իմ ողջ կյանքն անց եմ կացրել մարդկանց պաշտպանելով»,- թուրթական «Զաման» թերթին է ասել Թուրքիայի քաղաքացի, փաստաբան ու գրող Օհրան Քեմալ Չենգիզը։
Չենգիզն իրեն համարում է արդարության մարտիկ՝ արտահայտվելով հետեւյալ կերպ. «Երբ ես խոսում եմ իմ մասին, ապա ինձ որակում եմ որպես մարդու իրավունքների պաշտպան, փաստաբան ու գրող։ Առաջին անգամ ես որոշ բաներ հասկացա 1998 թվականին՝ Լոնդոն կատարած այցի ժամանակ։ Ես գիտակցեցի, որ անկախ այն բանից, թե ես ինչ եմ անում ու ինչով զբաղվում, որոշ մարդկանց համար հանդիսանում եմ „արյունարբու թուրք“։ Ճակատագրի հեգնանքով, ես այնտեղ աշխատում էի „Քուրդ ժողովրդի իրավունքների պաշտպանության նախագծի“ վրա՝ այդ հարցը ներկայացնելով Մարդու իրավունքների Եվրոպական դատարան։ Արդյունքում, ես ապառնալիքներ էի ստանում իմ երկրի „խորքային պետության“ (հակաժողովրդավարական կոալիցիա, որի անդամները դավանում են ազգայնամոլություն, կորպորատիզմ՝ չխորշելով բռնությունից) ներկայացուցիչների կողմից։ Երբ ես Լոնդոնում հանդիպեցի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, ապա վերածվեցի Թուրքիայի ներկայացուցչի։ Դա առաջին դեպքն էր, երբ թուրք ազգին իմ պատկանելությունը գերակշռեց մյուս որակումների շարքում։ Հայերի զանգվածային սպանությունները կազմակերպվել են „Միություն եւ առաջադիմականություն“ (CUP) կոմիտեի կողմից, այն ժամանակ, երբ Օսմանյան Թուրքիան արդեն հոգեւարք էր ապրում։ Այդ զանգվածային սպանություններից հետո CUP-ն ու իր ավազակախմբերը փոխեցին իրենց ռազմավարությունը՝ ինչի նախադրյալը հանդիսացավ մեր անցյալի հետ առճակատման բացակայությունը։ Նրանք վերածվեցին „խորքային պետություն“ անվանումը ստացած երեւույթի։ Նրանք շարունակեցին զանգվածային սպանությունների ու մեքենայությունների քաղաքականությունը՝ արնաթաթախ լինելով Հանրապետության ժամանակաշրջանում։ Անկասկած, մեր երկրում գոյություն ունեն „խորքային պետության“ տարրեր, սակայն կան նաեւ շատերը, որոնք պայքարում են դրանց դեմ։ „Էրգենեկոնի գործը“ այդ իմաստով շրջադարձային է Թուրքիայի համար։ Էրգենեկոնը կարելի է ընկալել նաեւ որպես CUP-ի զինված թեւ ներկայիս Թուրքիայում։
Հայերի զանգվածային սպանությունները իրականացվել են որոշակի մտածելակերպ ունեցող մարդկանց ու քաղաքական շարժումների կողմից։ Դժբախտաբար, քաղաքական այդ շարժումները ստեղծեցին Թուրքիայի պաշտոնական պատմությունը, որտեղ հայերին տեղ չէր հատկացվել։ Թուրքիան լիովին մերժում է անցյալում երկրում տեղի ունեցածը։ Եվ մերժման այդ քաղաքականությունը ռասիստական դրսեւորումների առիթ է հանդիսանում Թուրքիայի ու նրա քաղաքացիների նկատմամբ։
Անցյալ տարի ես Տորոնտոյում էի, որտեղ մասնակցում էի ցեղասպանություններին նվիրված բացառիկ հետաքրքիր մի սեմինարի։ Երկու շաբաթ շարունակ մենք խորացել էինք աշխարհի տարբեր մասերում տեղի ունեցած տարբեր ցեղասպանությունների մանրամասների մեջ։ Այնտեղ ես շատ բան հասկացա։ Երբ խոսում էինք Հոլոքոստի մասին, մենք խոսում էինք նացիստական վարչակարգի մասին, խոսելով Կամբոջայի ցեղասպանության մասին, քննարկում էինք համապատասխան վարչակարգը։ Իսկ երբ հերթը հասավ Հայոց Ցեղասպանությանը, ես լսեցի „թուրքեր“ բառը։ Սակայն պետք է ասեմ, որ որոշ հայեր արդարության որոնումներում, ցավոք, վերածվել են ռասիստների։ Նրանք չեն ցանկանում հավատալ, որ Թուրքիայում շատ են լավ մարդիկ։ Նրանք մոռացել են, որ եղել են թուրքեր, որոնք իրենց կյանքով են հատուցել այն բանի համար, որ պաշտպանել են հայերին։ Հայերն այն դիրքորոշումն ունեն, որ յուրաքանչյուր թուրք իրենից ներկայացնում է „արյունարբու ու արնախում մարդասպան“։
Հիշողության կորստի ու կույր ատելության պաթոլոգիաները միեւնույն մեդալի երկու երեսներն են։ Այդ ամենը հանգեցնում է միեւնույն բանի՝ նեւրոտիզմի։ Այդ ամենի շարքում Հրանտ Դինքը բանականության, իմաստության ու գթասրտության մարմնացում էր։ Նա շատ լավ էր հասկանում Թուրքիային, եւ մենք մինչ այժմ սգում ենք նրա հետ կատարվածի պատճառով։ Նրան կարող էր սպանել նաեւ հայ ռասիստը։ Դինքը „արյունարբու թուրք էր“ հայ ռասիստների համար, որոնք, իհարկե, ղեկավարվում են „խորքային պետության“ կողմից, եւ դավաճան հայ՝ թուրք ռասիստների համար։ Նա ձեռք չէր տալիս այն մարդկանց, որոնք կույր ատելություն են դավանում։ Մեզ բոլորիս անհրաժեշտ է Դինք լինել, եթե մենք ցանկանում ենք աջակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։ Մեծագույն հարգանքով խոնարհվում եմ այդ մարդու հիշատակի առջեւ»։




























