Merlin Burrows մասնավոր ընկերության փորձագետները՝ բրիտանացի պատմաբանների հետ միասին ուսումնասիրել են Իսպանիայի հարավային ափերի, Կադիս քաղաքից հյուսիս գտնվող տարածքները, Անդալուզիան, որը Դոնյան ազգային այգու կենտրոնական մասում է՝ տեղեկացնում է «Моя Планета»-ն։

Հետազոտողները կարծում են, որ իրենց առջեւ պլատոնյան կորած Ատլանտիդան է։ Հույն փիլիսոփան մ․թ․ա․ 400 թվին պատմել է կղզի-տերության մասին, որ գոյություն է ունեցել 9000 տարի առաջ։

Պլատոնի նկարագրությամբ՝ կղզու կենտրոնում քարե շրջանակներ էին, աշտարակներ եւ սյուներ։

Գիտնականների կարծիքով՝ արբանյակից արված լուսանկարների վրա այն նույն հինավուրց նավահանգստի եւ քարե օղակների մնացուկներն են։

Պատմաբան եւ հետազոտությունների ղեկավար Թիմ Աքերսի խոսքերով՝ տեղանքից վերցված նյութերի լաբորատոր փորձաքննություններն ապացուցում են, որ դրանք գերազանցում են հունական եւ հռոմեական դարաշրջանը։

Կառույցների առաջացման տարեթիվը չի նշվում, սակայն դրանց անկումը վերագրում են վերջին սառցե դարաշրջանին, որը 10000 տարվա պատմություն ունի։