Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հինգշաբթի օրը Կոսովոյի սերբերի ներկայացուցիչներին հայտարարել է, որ ԵՄ-ն չի կարող խելքի բերել Պրիշտինայի իշխանություններին, որոնք սերբական արտադրանքի տուրքերը 100 տոկոսով ավելացրել են՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Վուչիչը ՆԳ նախարար Նեբոյշա Ստեֆանովիչի եւ Կոսովոյի ու Մետոխիի հարցերով գրասենյակի ղեկավար Մարկո Ջուրիչի հետ Բելգրադում հրավիրել է կոսովյան սերբերի ներկայացուցիչների ժողով, որտեղ իր ելույթում նշել է, որ ստեղծված իրավիճակում ԵՄ-ից մեծ օգնություն չի սպասում։

«Վստահ չեմ, որ նրանք կարող են խելքի բերել Պրիշտինային։ Չեմ կարծում, որ դա տեղի կունենա»,- ասել է Վուչիչը։

Նա նշել է, որ իրենց հայտարարություններում ԵՄ ներկայացուցիչները վերջերս դադարել են օգտագործել «Բելգրադ եւ Պրիշտինա» ձեւակերպումը, դրա փոխարեն նրանք ասում են «Սերբիա եւ Կոսովո»՝ կարծես խոսքը հավասար իրավունքներ ունեցող երկրների մասին է։

«Կոսովոյի հարցում մենք երբեք Արեւմուտքի աջակցությունը չենք ստանա»,- ընդգծել է Սերբիայի նախագահը։