«Իմ քայլը» դաշինքի նախընտրական կարգախոսը՝ «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն», դժվար թե հիշվի, քանի որ երկար է եւ գաղափարական ծանրաբեռնվածություն ունի։ NEWS.am–ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Վիգեն Հակոբյանը։

«Նախկինում երբ «Ելք» դաշինքի մաս էին կազմում, ունեին լակոնիկ կարգախոս՝ «Ելք կա», իսկ այսօր երբ դարձել են իշխանություն, սկսել են լրջամանիայով տառապել, բարձր գլոբալ գաղափարներ են ընդգրկել։ Սա հասկանալի է, բայց համաձայնեք՝ միանգամից չի հիշվում. երկար է, գաղափարական ծանրաբեռնվածություն ունի։ Այսինքն, հիմա իշխանություն են ու փորձում են ներառել իրենց հիմնական նպատակները, թե ինչպիսին են ուզում տեսնել ներկան, ապագան, սերունդներին։ Հետեւաբար, չեմ կարծում՝ կարգախոսը շատ լավ աշխատելու է եւ մեծ օգուտ է տալու «Իմ քայլը» դաշինքին»,– ասաց նա։

Վիգեն Հակոբյանի խոսքով, Նիկոլ Փաշինյանի ղեկավարած դաշինքը ճիշտ բառակապակցություններ է ընտրել, սակայն, կարգախոսն օրիգինալ չէ. «Մի պահ նույնիսկ շրջանառության մեջ դրվեց «Նիկոլ, վարչապետ» կարգախոսը, բայց հետո որոշեցին հետեւել հայկական բոլոր իշխանությունների կարգախոսներին՝ ամեն ինչ ճիշտ է ասվում, բայց չի հիշվում»։

Սրան հակառակ, Հանրապետական կուսակցության կարգախոսը՝ «Եթե մտահոգ ես, ընտրիր Հանրապետականին», ըստ քաղաքագետի, հիշվելու է, քանի որ կարճ է ու պարունակում է կուսակցության հիմնական մեսիջներից մեկը՝ եթե էյֆորիայի տակ չես, ուրեմն մտահոգ ես։

«Երբ այս կարգախոսը մտնի շրջանառության մեջ, տրոլինգի կենթարկվի, կխաղարկվի սոցցանցերում, ինչն էլ կնպաստի, որ կարգախոսը հիշվի։ Ի տարբերություն Հանրապետական նախորդ կարգախոսների, այս մեկը թեթեւ է, կարճ ու չի պարունակում ծրագրային գլոբալ մտքեր»,– ասաց Վիգեն Հակոբյանը։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության կարգախոսը նույնպես, քաղաքագետի կարծիքով, վատը չէ. «Մեր խոսքը գործ է» կարգախոսը ԲՀԿ–ն օգտագործել է նաեւ նախկինում, հետեւաբար հանրությունը այն ասոցացնում է հենց այդ քաղաքական ուժի հետ։

«ԲՀԿ–ի առաջնորդն էլ է այդ խոսքերը տարբեր հարցազրույցներում, ելույթներում կրկնում, այսինքն, հանրությունը գիտի՝ ում մասին է խոսքը։ ԲՀԿ–ում փորձել են նոր հեծանիվներ չհորինել»,– նշեց Վիգեն Հակոբյանը։

«Մենք» դաշինքի կարգախոսը՝ «Առաջինը Հայաստանն է», ըստ քաղաքագետի, նույնպես կհիշվի, քանի որ բուռն քննարկման առարկա կդառնա սոցիալական ցանցերում. «Այս քաղաքական ուժը դիրքավորում է ընդգծված պրոարեւմտյան, լիբերալ արժեքների դաշտում, եւ այս կարգախոսը հիշեցնում է Թրամփի կարգախոսը։ Եթե սա է լինելու պաշտոնական կարգախոսը, ապա դա էլ է հիշվելու, տրոլինգներ են լինելու, որովհետեւ կատակները, ծաղրելը նույնիսկ օգնում է։ Այսինքն, ինչքան շատ խոսեն, այնքան շատ կհիշվի քաղաքական ուժը»։

Հենց այս սկզբունքով, Վիգեն Հակոբյանի խոսքով, կհիշվի նաեւ «Լուսավոր Հայաստան» կուսակցության կարգախոսը՝ «Լուսավորիր Հայաստանը»։ Քաղաքագետը համոզված է, որ սոցցանցերում կատակներ կլինեն, ինչն էլ կուսակցությանն առավել ճանաչելի կդարձնի. «Կարգախոսը որոշելիս՝ քաղաքական ուժերը նաեւ սա են կանխատեսում։ Երբ կարգախոսը չի կորում, դառնում է թեմաներից մեկը, ինֆորմացիոն առիթ է հանդիսանում դրա մասին շատ խոսելու համար, կուսակցությունն ավելի ճանաչելի է դառնում»։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9–ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է 11 ուժ՝ 9 կուսակցություն եւ 2 դաշինք։ Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26–ից։