Քննչական կոմիտեի նախկին պաշտոնյաները, որոնք կոչված էին օրինականություն պահպանել՝ դավաճանելով համակարգն անցել են հակառակ կողմը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 22-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում հայտարարեց ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության նախկին պետ Թաթուլ Շուշանյանի և մյուսների գործով մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանը:  Ըստ նրա՝ Շուշանյանի և նրա նախկին ենթակաների վերաբերյալ քննվող գործն աննախադեպ է նրանով, որ իրավապահները, չարաշահելով իրենց լիազորությունները, անցել են քրեական աշխարհի ներկայացուցիչների կողմը և գործել ի վնաս պետության:

Նշենք, որ Թաթուլ Շուշանյանը մեղադրվում է քրեական հեղինակություն համարվող Ալավերդցի Վահագնից՝ Վահագն Աբգարյանից առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու, ինչպես նաև՝ իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար:

Շուշանյանի հետ ամբաստանյալի աթոռին են հայտնվել  ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արայիկ Ներսիսյանը և ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով նախկին  ավագ քննիչ Արտակ Հովհաննիսյանը. երկուսն էլ մեղադրվում են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, իսկ Հովհաննիսյանը նաև՝ խոշոր չափի կաշառք ստանալու համար:

ՀՀ տարբեր դատական ատյաններում խափանման միջոցի վերաբերյալ միջնորդությունների և բողոքների քննությունից հետո իրավապահ համակարգի նախկին ներկայացուցիչների վերաբերյալ գործը վերջապես նախապատրաստվել է դատաքննության: Այսօր, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Աննա Մաթևոսյանի նախագահությամբ, դռնբաց դատական նիստում քննեց գործով ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու, վերացնելու կամ անփոփոխ թողնելու հարցը:

Նշենք, որ գործն ի սկզբանե մակագրվել էր դատավոր Տաթևիկ Գրիգորյանին, սակայն 2018թ. նեյեմբերի 9-ին մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանի միջնորդությամբ  Գրիգորյանն  ինքնաբացարկ էր հայտնել: Թե՛ մեղադրող, թե՛ տուժող կողմը կասկածներ էին հայտնել դատարանի անկողմնակալ լինելու վերաբերյալ:

Նշենք, որ 2018թ. մայիսի 30-ին  Տաթևիկ Գրիգորյանի որոշմամբ Թաթուլ Շուշանյանը գրավի դիմաց ազատ էր արձակվել կալանքից, ապա Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ կրկին կալանավորվել: Հոկտեմբերի 20-ին Շուշանյանն ազատ էր արձակվել ՔԿՀ-ից, քանի որ  լրացել էր նրան կալանքի տակ պահելու ժամկետը: Նշենք, որ այդ ընթացքում գործը գտնվել է Վճռաբեկ դատարանում, որը պետք է որոշեր գործի ընդդատության հարցը:

Այսօրվա դատական նիստում մեղադրող դատախազը կարծիք հայտնեց, որ Թաթուլ Շուշանյանն ազատության մեջ է հայտնվել դատարանների կողմից իրենց պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով:  Հայկ Պետրոսյանը պնդեց Շուշանյանին կալանավորելու միջնորդությունը: Ըստ նրա՝ Շուշանյանը, հայտնվելով ազատության մեջ, կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից, խոչընդոտել գործի դատաքննությանը՝ իր կապերն օգտագործելով անօրինական ազդեցություն ունենալ դատավարության մյուս մասնակցիների վրա:

Այս գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Սահակյանի խոսքով էլ՝ Վերաքննիչ քրեական դատարանն արդեն իսկ փաստել է, որ չեն վերացել Շուշանյանին կալանքի տակ պահելու հիմքերը, ինչից հետո նոր որոշում չի կայացվել, իսկ նման պարագայում նա անհապաղ պետք է կալանավորվի:

Միջնորդության դեմ առարկեց պաշտպանական կողմը: Ամբաստանյալ Թաթուլ Շուշանյանն ասաց, որ իր նկատմամբ ընդհանրապես խափանման միջոց ընտրելու անհրաժեշտություն չկա: Նա նշեց, որ ազատված է պաշտոնից և մեծ ցանկության դեպքում էլ չի կարող օգտագործել իր ունեցած կապերը:

«Առաջին անգամ այս գործով իմացա, որ մեր երկրում բարձր պաշտոն զբաղեցնելը վտանգավոր է: Նույնիսկ ամոթ է ինձ նման մարդու համար, նման ուղի անցած մարդու համար գործի քննությանը խոչընդոտելը»,- ասաց նա:

Արձագանքելով Շուշանյանի հայտարարությանը, Լուսինե Սահակյանն ասաց.

«Գործը քննվելու է, հրապարակվելու են ձայնագրություններ. Թաթուլ Շուշանյանի անցած ի՞նչ ուղու մասին է խոսքը: Գործում առկա գաղտնալսումները լսելուց, ապացույցներն ուսումնասիրելուց հետո ամոթ է, երբ Թաթուլ Շուշանյանը խոսում է անցած ուղու մասին և ասում, որ պաշտոն զբաղեցնելը ռիսկ է»:

Այսօրվա դատական նիստում կալանքի տակ գտնվող նախկին քննիչները միջնորդեցին փոխել իրենց նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը:

Արայիկ Ներսիսյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը միջնորդեց դատարանին՝  վերացնել իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը, ընտրել անազատության հետ չկապված այլ խափանման միջոց կամ թույլատրելի ճանաչել գրավը: Պաշտպանը նկատեց, որ Ներսիսյանի նկատմամբ նախկինում թույլատրելի ճանաչված 2 մլն դրամ գրավը դեռևս գտնվում է դատարանի դեպոզիտ հաշվին և եթե դատարանը համարի, որ այն բավարար չէ, ապա կարող է ողջամիտ չափով գրավ կիրառել:

Գրավի միջնորդության դեմ չառարկեց մեղադրող դատախազը, իսկ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը նշեց, որ միջնորդության վերաբերյալ դիրքորոշում չի հայտնում:

Նա միաժամանակ նկատեց, որ Արայիկ Ներսիսյանը, մնալով ազատության մեջ, կարող է խոչընդոտել գործի քննությանը: Ըստ նրա՝ Ներսիսյանի նկատմամբ առանց այն է մեղմ մեղադրանք է առաջադրված. այն պետք է վերաորակվի և նրան ավելի խիստ մեղադրանք առաջադրվի:

Կալանավորումը վերացնելու և այլընտրանքային խափանման միջոց գրավի միջնորդություն ներկայացրեց նաև ամբաստանյալ Արտակ Հովհաննիսյանը: Նա հայտարարեց, որ որպես գրավ՝ պատրաստ է առաջարկել իր անշարժ գույքը: Այս միջնորդության դեմ մեղադրող դատախազը նույնպես չառարկեց:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը, սակայն առարկեց գրավի միջնորդության դեմ: Նա ասաց,  որ Արայիկ Հովհաննիսյանն այն անձն է, որ քննել է Վարդան Փիրուզյանի գործը և նրա գործողությունների հետևանքով է նաև Վահագն Աբգարյանը հայտնվել  ազատության մեջ  և պատճառ դարձել նոր՝ ծանր հանձագործության (հեղ.  ըստ մեղադրանքի՝ Վարդան Փիրուզյանի եղբոր՝ Կամո Փիրուզյանի սպանության պատվիրատուն Վահագն Աբգարյանն է) կատարման: 

«Ես իրեն էլ եմ ասել, երբ որ գլուխդ դնում ես բարձին, չե՞ս զգում, որ դու մարդասպանության մասնակից ես, բայց այդքանից հետո, այսօր նրան այլ մեղադրանք է առաջադրված: Գործի նյութերում հստակ կա, թե նա ինչեր է արել,  ոնց է մարդկանց սովորեցրել, թե ինչ ցուցմունք տան, այդ գաղտնալսումները դատարանում լսելու ենք, չէ՞»,- ասաց փաստաբանը:

Ըստ Սահակյանի՝ Հովհաննիսյանի կողմից  քննությանը խոչընդոտելու ռիսկն ակնառու է, և նա պետք է մնա կալանքի տակ:

Այսպիսով, դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ ամբաստանյալների խափանման միջոցների վերաբերյալ որոշում կայացնելու, որը կհրապարակվի նոյեմբերի 26-ին:  Նախագահող դատավոր Աննա Մաթևոսյանը հույս հայտնեց, որ կողմերն ըմբռնումով կմոտենան, որ դատարանը մի փոքր ավելի մնա խորհրդակացական սենյակում՝ հաշվի առնելով, որ գործ ունեն նախադեպը չունեցող քրեական գործի հետ: