Չեխիայում ընդդիմությանը խորհրդարանի հատուկ նիստում 9 ձայն չի բավարարել, որպեսզի Անդրեյ Բաբիշի կառավարությանը ազատեն իր պարտականություններից։ Նրանց հրաժարականի կողմ է քվեարկել 200 պատգամավորից 92-ը։ Որոշումը կայացնելու համար անհրաժեշտ էր 101 ձայն՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Չեխիայում քաղաքական ճգնաժամի նոր ալիք էր արթնացրել անցյալ շաբաթ վարչապետի առաջին ամուսնությունից որդու հետ Seznam կայքի հարցազրույցը։ Նա հայտարարել էր, որ 2017թ․ Ռուսաստանի քաղաքացի Պյոտր Պրոտոպոպովի հետ եղել է Մոսկվայում, այնուհետեւ՝ Ղրիմում։ Բաբիշ-կրտսերի խոսքերով՝ իբր իրեն առեւանգել եւ Ղրիմ են ուղարկել, որպեսզի թաքցնեն հոր «Արագիլի բույն» ընկերության հետ կապված ֆինանսական խարդախությունների գործով հետաքննությունից։

Վարչապետն ինքը հայտարարել է, թե իր որդին տառապում է շիզոֆրենիայով, այդ պատճառով պետք չէ նրա ասածները լուրջ ընդունել, իսկ Պրոտոպոպովն, ըստ նրա, որդու խնամակալն է։ Այս հարցազրույցի եւ «Արագիլի բույն»-ի հարցով հետաքննության հետ կապված՝ ընդդիմությունը պահանջում է կառավարության հրաժարականը։

Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանը նախօրոք հայտարարել էր, թե չի հավատում, որ կառավարությանն անվստահություն կհայտնեն, իսկ եթե հայտնեն էլ ինքը նոր կառավարության ձեւավորումը նորից 2017թ․ ընտրություններում հաղթած Բաբիշին կվստահի։