Բեռլինի դատախազությունը 36 հազար մարդու սպանությանը մասնակցելու մեղադրանք է ներկայացրել 95-ամյա նախկին էսէսական, «Մաուտհաուզեն» համակենտրոնացման ճամբարի նախկին պահակ Վերներ Գ․-ին՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Նշվում է, որ նա աշխատել է Ավստրիայի տարածքում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գործող համակենտրոնացման ճամբարներից մեկում, իսկ այժմ ապրում է Բեռլինում։

Ավելի վաղ Շտուտգարտի դատախազությունը նույնպես մեղադրանք էր ներկայացրել 94-ամյա մեկ այլ էսէսականի, ով մեղադրվում էր 13335 մարդու սպանությանը մասնակից լինելու մեջ։

«Մաուտհաուզեն» համակենտրոնացման ճամբարը 1938թ․ կառուցվել է գրանիտի քարհանքի բազայի վրա այն բանից հետո, երբ Ավստրիան միացավ նացիստական Գերմանիային։ Այստեղ տասնյակ հազարավոր մարդիկ են մահացել։

1945թ․ ճամբարն ազատագրվել է ամերիկյան զորքերի կողմից։ Այնտեղ կառուցված թանգարանային համալիրի տվյալներով՝ «Մաուտհաուզենում» զոհվել է մոտ 90 000 մարդ՝ 70 երկրից։ Սակայն նրանց մեծ մասը Լեհաստանից է եղել։