«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը պնդել է օրերս իր արած հայտարարությունը, որ նախընտրական շրջանում Նիկոլ Փաշինյանի մարզային այցելությունները միջազգային չափանիշերով՝ վարչական ռեսուրսի չարաշահում է։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը չի կիսում այդ կարծիքը. «Միջազգային չափորոշիչը ո՞րն է, այսինքն՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը պետք է սենյակից դուրս չգա՞»,- հայտարարել է նա՝ պահանջելով հրապարակել միջազգային չափորոշիչները։

168.am-ի հետ զրույցում Վարուժան Հոկտանյանը ներկայացրել է միջազգային այն փաստաթղթերը, որոնց հիման վրա նման հայտարարություն է արել։

«Նախ՝ կա ԵԱՀԿ-ի կոպենհագենյան փաստաթուղթը (1990թ.), որի 5.4 պարագրաֆում նշված է, որ պետք է լինի հստակ տարանջատում պետության եւ քաղաքական կուսակցությունների միջեւ, կուսակցությունները չպետք է սերտաճեն պետության հետ։ Սրա հիմքի վրա հետագայում սահմանվել է՝ ինչ բան է պետական (վարչական) միջոցների չարաշահումն ընտրությունների ժամանակ: Դա իշխող կուսացությունների կամ թեկնածուների կողմից հանրային (պետական, համայնքային) միջոցների չարաշահումն է՝ ստանալու համար ոչ հիմնավոր առավելություն ընտրությունների ժամանակ։ Իշխող կուսակցություններն արդեն իսկ ունեն առավելություն վարչական միջոցների (ռեսուրսի) կիրառման տեսանկյունից (քանի որ միայն նրանք են այդպիսի ռեսուրսի տիրապետում), եւ դրա համար ընդունված է տարանջատել դրա չարաշահումն օգտագործումից»,- պարզաբանեց նա։

Վարուժան Հոկտանյանը նաեւ հղում կատարեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից 2015թ. (Handbook for the Observation of Campaign Finance. @OSCE/ODIHR 2015. ISBN 978-92-9234-903-5) հրապարակված «Նախընտրական քարոզչության դիտարկման ձեռնարկի» 2-րդ գլխի G բաժնին (22-23-րդ էջեր), որը նվիրված է վարչական ռեսուրսի չարաշահմանը.

«Այնտեղ մասնավորապես նշված է. «Ընդհանուր հիմնախնդիրները, որոնք պետք է ենթարկվեն դիտարկման, ներառում են պետական հիմնարկությունների եւ մեքենաների օգտագործումը՝ քարոզչություն անելու նպատակով, հանրային ծառայողների ներգրավումը քարոզչության մեջ նրանց աշխատանքային ժամերին»:

Այստեղ հիմնական խնդիրը սա է. ես հիմնվել էի նրա վրա, որ Մարտունիում դպրոցի բացում էր եղել, որին ներկա էին հանրային ծառայողներ, պետական հիմնարկների աշխատողներ, դա տեղի էր ունենում աշխատանքային ժամին, եւ այդ միջոցառման ժամանակ` լսելով, թե ինչ է ասել Փաշինյանը, կարող եմ արձանագրել, որ իրականացվել է նաեւ քարոզչություն։ Ես հիմնական շեշտը դնում եմ նրա վրա, որ դա եղել է աշխատանքային ժամին։ Ասել եմ ու կասեմ, որ կոնկրետ այդ էպիզոդը չարաշահում էր»:

ԿԸՀ-ն երեկ պարզաբանում հրապարակեց, որ քարոզարշավից դուրս (որն իրականացվելու է նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ը) այլ ժամկետների մասով Ընտրական օրենսգրքով ոչ մի կարգավորում չկա, եւ, հետեւաբար, ինչ կատարվում է նշված ժամկետից առաջ՝ չպետք է դիտվի՝ որպես քարոզչություն»։

Միեւնույն ժամանակ, ինչպես նշեց Վարուժան Հոկտանյանը, միջազգայնորեն ընդունված լավ գործելակերպերի (good practices) համաձայն` այդպիսի չարաշահում չպետք է լինի նաեւ նախընտրական քարոզչության` օրենքով սահմանված ժամանակահատվածից դուրս, ներառյալ՝ մինչեւ պաշտոնական քարոզչության սկիզբը` սկսած ընտրությունների անցկացման մասին իրավական ակտի (մեր դեպքում` ՀՀ նախագահի հրամանագրի) հրապարակման օրվանից։

Նա ասաց, որ, թեեւ մեր օրենսդրությամբ «վարչական ռեսուրսի չարաշահում» կոնցեպտը սահմանված չէ, բայց վերոնշյալ միջազգային չափանիշերով՝ նախընտրական շրջանում Փաշինյանի մարզային այցերը կարելի է դիտել՝ որպես վարչական ռեսուրսի չարաշահում, եթե այդ այցերի ժամանակ աշխատանքային ժամերին նա իրականացրել է քարոզչություն.

«Ես չեմ զարմանա, որ հետագայում ասեն՝ վարչապետի աշխատանքային օրը նորմավորված չէ, երբ կուզի՝ քարոզչություն կանի։ Այսօրվա երթը, որը շաբաթ օրով է, չի կարող դիտվել՝ որպես պետական ռեսուրսների չարաշահում»։

Ինչ վերաբերում է արդեն տեղադրված նախընտրական պաստառներին, նա ասաց, որ այդտեղ վարչական ռեսուրսի չարաշահում չկա։

«Հ/կ-ների համար կա նախընտրական քարոզչության ֆինանսավորման մոնիտորինգի ձեռնարկ, որի 98-րդ էջում ինստիտուցիոնալ վարչական ռեսուրսների չարաշահման օրինակներ են բերված: Դրանցից են աշխատանքային ժամերին քարոզչություն անելը, պետական կառույցների մեքենաները քարոզչության համար օգտագործելը, եւ այլն: Նշված է նաեւ ընտրությունների հետ առնչություն չունեցող միջոցառումների ժամանակ  քարոզչություն անելը։ Փաշինյանը կարող է ասել, որ այդպես չէ, բայց ես դա այդպես եմ համարում: Քարոզչության մի տեսակն էլ հակաքարոզչությունն է։ Որոշ հանրապետականներ իրենց իշխանության տարիներին ասում էին՝ մենք չենք ասում՝ գնացեք, քվեարկեք ՀՀԿ-ի օգտին, բայց դա կարելի է ոչ ուղղակի ասել, կամ սեւացնել մյուս կուսակցություններին»,- նկատեց Վարուժան Հոկտանյանը։

«Երբ ՔՊ-ն էր ընդդիմություն, իսկ մեր կազմակերպությունը դրա մասին բարձրաձայնում էր, մեզ քաջալերում էին, ասում էին՝ չպետք է աշխատանքային ժամերին քարոզչություն անցկացնել»,- ընդգծեց նա։

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն անդրադառնալով  հարցին, թե արդյոք պաշտոնական քարոզարշավի մեկնարկից մինչ դրա ավարտը վարչապետի պաշտոնակատարը պարտավոր չէ՞ գտնվել արձակուրդում, ասել է, որ ՀՀ նախագահը, ԱԺ պատգամավորները եւ կառավարության անդամները նախընտրական շրջանում կարող են համատեղել քարոզչության գործընթացը իրենց ծառայողական պարտականությունների կատարման հետ:

Վարուժան Հոկտանյանը, սակայն, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ձեռնարկին հղում անելով (տե՛ս ձեռնարկի 22-րդ էջը)՝ նշեց, որ վարչապետի պաշտոնակատարի եւ այլ պաշտոնատար անձանց արձակուրդ գնալը կկանխարգելեր վարչական ռեսուրսի չարաշահման դրսեւորումները։