Սիրիայի ԱԳՆ-ն հայտարարել  է, որ նոյեմբերի 24-ին Հալեպում տեղի ունեցած ահաբեկչությունը հետեւանքն է այն փաստի, որ որոշ երկրներ հեշտացնում են քիմիական նյութերի հասանելիությունը զինված ահաբեկչական խմբավորումների համար, որոնց որպես գործիք են օգտագործում սիրիացի ժողովրդի դեմ, հաղորդում է ՍԱՆԱ-ն:

Ինչպես նշել է երկրի արտաքին գործերի նախարարությունը, դա արվել է ահաբեկչությունը հովանավորվող երկրների հետախուզական ծառայությունների կողմից նախօրոք պատրաստված բեմականացման միջոցով՝ Սիրիայի կառավարությանը մեղադրելու համար:

Արտաքին գործերի եւ արտագաղթողների հարցերով նախարարությունը Հալեպի ահաբեկչական հարձակման կապակցությամբ ուղերձներ է հղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին եւ Անվտանգության խորհրդի նախագահին, ինչպես նաեւ Քիմիական զենքի արգելման կազմակերպության գլխավոր տնօրենին:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ նոյեմբերի 24-ին ահաբեկչական խմբավորումները մի քանի տասնյակ քլորով լցված ականանետային ռումբեր են նետել Ալ-Հալդիա, Ալ-Համադանիա, Աշ-Շահբա, Ջամիյաթ Ազ-Զախրա թաղամասերի եւ Ան-Նիլ փողոցի վրա: Արդյունքում շնչահեղձությունից տուժել է 107 մարդ, հիմնականում կանայք, երեխաներ եւ ծերեր, վնասվել է նաեւ մասնավոր եւ պետական սեփականությունը:

Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է անում անմիջապես դատապարտել այս ահաբեկչական հանցագործությունը եւ կատարել միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանման պարտավորությունները ահաբեկչությունը ֆինանսավորող պետությունների դեմ անհապաղ զսպող միջոցներ ձեռնարկելու միջոցով` ստիպելով նրանց կատարել ՄԱԿ Անվտանգության Խորհրդի 2170, 2178, 2199 եւ 2253 բանաձեւերը: