Առնվազն 70 մարդ տուժել է Իրանի արևմուտքում գտնվող Քերմանշահ նահանգը ցնցած երկրաշարժի հետևանքով, հաղորդում է Press TV հեռուստաալիքը Twitter-ի էջում՝ հղում անելով տեղական իշխանություններին:
Ավելի վաղ Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը հաղորդել է, որ 6.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել իրանա-իրաքյան սահմանի տարածքում: Ըստ սեյսմոլոգների՝ ցնցումներն արձանագրվել են 16.37-ին՝ ըստ UTC ժամանակի, իսկ երկրաշարժի էպիկենտրոնը 46 կմ խորության վրա էր՝ Բաղդադից 150 կմ հյուսիս-արևելքում և Սերե-Պոլե-Զոհաբ քաղաքից 37 կմ հեռավորության վրա:





























