Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան (ՀՀ ԳԱԱ) եւ «Ռուսհամագործակցությունը» փետրվարի 17-ին ստորագրել են  համագործակցության համաձայնագիր` ի դեմս ՀՀ ԳԱԱ-ի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի եւ «Ռուսհամագործակցության» ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովի:

Համաձայնագիրը կարգավորում է գիտական եւ հումանիտար ոլորտների փոխկապակցված համագործակցությունը, եւ ուղղված է հայ-ռուսական գիտատեխնիկական, ինովացիոն, տեղեկատվական, մշակութային համագործակցության խթանմանը, ինչպես նաեւ երկու երկրների երիտասարդության համագործակցության ակտիվացմանը:

Ռադիկ Մարտիրոսյանի խոսքով` համաձայնագիրը հիմք կծառայի` նոր պայմաններով զարգացնելու Հայաստանի եւ Ռուսաստանի համագործակցությունը, որն ունի հարուստ պատմություն:

Նշենք, որ համաձայնագրի շրջանակներում կիրականացվեն հոբելյանական միջոցառումներ` նվիրված Յուրի Գագարինի տիեզերք առաջին թռիչքի 50-ամյակին: Հոբելյանի առթիվ տեղի կունենա ՀՀ ԳԱԱ-ի հատուկ գիտական նստաշրջան: Բյուրականի աստղադիտարանի հիմքի վրա կանցկացվի ԱՊՀ երկրների ուսանողների եւ երիտասարդ գիտնականների Գագարինյան միջազգային գիտաժողով` «Բյուրականի պարզ երկնքի տակ» անվանմամբ:

Հատուկ ուշադրություն կդարձվի ՀՀ ԳԱԱ-ի երիտասարդ գիտնականների խորհրդի համագործակցությանը, երիտասարդ ինովատորների մրցույթներին, թրեյնինգներին, ԱՊՀ երկրների երիտասարդ գիտնականների միջազգային հանդիպումների կազմակերպմանը եւ այլն: