Հայաստանի կառավարությունն այսօր՝ փետրվարի 17-ին որոշմամբ հանեց իրավաբանական անձինք կնիք ունենալու պարտադիր պահանջը։
Սույն որոշումը բխում է ՀՀ-ում բիզնես միջավայրի բարելավման անհրաժեշտությունից:
Այն կնպաստի նաեւ էլեկտրոնային եղանակով փաստաշրջանառության ծավալմանը: Մասնավորապես, փաստաթղթերի կնքված լինելը, որպես հիմնական պայման, խանգարում է պետական մարմիններին՝ ընթացք տալ նաեւ էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրված փաստաթղթերին:
Նշենք նաեւ, որ ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով տնտեսվարող սուբյեկտներին հնարավորություն է ընձեռնվել որոշակի լիցենզիաներ ստանալ էլեկտրոնային եղանակով, իսկ լիցենզավորման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ենթակա էին կնքման։ Հետեւաբար՝ սույն որոշումը դրական կազդի ընդհանրապես բիզնես միջավայրի վրա:



























