Տեղական եւ միջազգային կառույցների կողմից անցկացված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում անմարդկային վերաբերմունքի եւ խոշտանգումների դեպքերը շարունակական բնույթ ունեն: Այս մասին խոշտանգումների կանխարգելմանը եւ օմբուդսմենի ինստիտուտի 10-ամյակին նվիրված համաժողովին հայտարարեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, հաղորդում է «Առավոտը»:
Նրա խոսքով, հատուկ անհանգստություն է առաջացրել ոստիկանությունում իրավիճակը: Ոստիկանությունում տեղի ունեցող վատ վերաբերմունքի եւ խոշտանգումների մասին որպես կանոն հասարակությունը տեղեկանում էր, երբ դեպքն ունենում էր ողբերգական ավարտ, երբ բռնության ենթարկվածները լինում էին քաղաքական ակտիվիստներ, ովքեր դրա մասին բարձրաձայնում էին:
Նա ասաց, որ որպես կանոն նման դեպքերում քրեական գործեր չէին հարուցվում, կամ հարուցվում ու կարճվում էին։ Իրավիճակն, ըստ Իշխանյանի, փոխվեց 2001 թվականից հետո, երբ Հայաստանը անդամակցեց Եվրոպայի խորհրդին, թեեւ առանձնապես լուրջ փոփոխություններ չկան:
Իսկ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանի կարծիքով, ՔԿՀ-ներում կա ժամկետանց դեղորայք, եւ մինչեւ անգամ ասպիրին գտնելը խնդիր է: Նա խոսեց ՔԿՀ-ներում կանանց իրավունքների խախտումների մասին՝ նշելով, որ տարիների ընթացքում վիճակը վատացել է. «Ապրիլ ամսվա կտրվածքով ընդամենը 4-5 անչափահաս էր գտնվում մանկական գաղութում եւ անգամ նրանց համար չկարողացան լուծել ամենակարեւոր հարցերից մեկը՝ հոգեբանական վիճակը»:





























