Ռուս-հայկական Լազարյան ակումբի առաջին նիստը՝ «Հայաստան եւ Ռուսաստան՝ երկու Հայրենիքներ: Պաշտպանություն եւ անվտանգություն» թեմայով, նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը կանցկացվի Երեւանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համաժողովների դահլիճում:

Լազարյան ակումբը, որը կոչվել է հռչակավոր հայ բարեգործներ Լազարյանների ընտանիքի, արեւելյան լեզուների Լազարյան ինստիտուտի հիմնադիրների անունով, նոր ոչ պաշտոնական, ազատ եւ մշտապես գործող հարթակ է Ռուսաստանի եւ Հայաստանի հասարակությունների հանդիպումների եւ կարծիքների փոխանակման համար:

Ակումբի նախաձեռնողները՝ երկու երկրների հայտնի քաղաքական գործիչներ, դիվանագետներ, գիտնականներ, լրագրողներ, մշակույթի գործիչներ, ձեռներեցներ եւ հասարակական գործիչներ, իրենց հիմնադիր ուղերձում հայտարարել են.

«Ե՛վ Ռուսաստանը, ե՛ւ Հայաստանը պետք է ուժեղ լինեն, որպեսզի հաղթահարեն իրենց կայուն զարգացմանը սպառնացող արտաքին եւ ներքին մարտահրավերները: Պատահական չէ, որ անկախության բոլոր փուլերում Ռուսաստանն ու Հայաստանը միմյանց աջակցել են, որի հաստատումն է համատեղ անդամակցությունն ԱՊՀ-ին, Եվրասիական տնտեսական միությանը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը: Նման իրավիճակում արգասաբեր ու արդյունավետ կարող են լինել միայն համատեղ, երկկողմանի ու բազմակողմանի գործողությունները:

Լազարյան ակումբն իր աշխատանքը կվարի հրապարակային եւ բաց՝ Ռուսաստանում ու Հայաստանում հանդիպումների, «կլոր սեղանների» եւ հանրային լսումների ճանապարհով: Հույս ունենք, որ Ակումբում հանդիպումները կօգնեն հետագա կառուցողական աշխատանքի դրական տրամադրվածության ձեւավորմանը՝ ի բարօրություն մեր երկրների ժողովուրդների փոխվստահության եւ դաշնակցային փոխգործակցության ամրապնդման, Մեծ Կովկասի ամբողջ տարածաշրջանում անտանգության եւ կայունության ապահովման շահերի շրջանակում»:

Նշենք, որ նիստին հրավիրվել են Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ինչպես նաեւ Հայաստանի առաջին, երկրորդ եւ երրորդ նախագահները եւ Արցախի նախկին նախագահը: Հրավիրված են նաեւ քաղաքական ուժերի առաջնորդները: Հրավիրված են նաեւ ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրացիայի եւ հայրենակիցների հետ կապերի հարցերով կոմիտեի առաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը, գրող, հասարակական գործիչ Զորի Բալայանը, լրագրող, «Ռոսիա» ալիքում «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեռուստածրագրի հեղինակ եւ վարող Վլադիմիր Սոլովյովը, լրագրող, «Կենտրոն» հ/ը «Ձայնի իրավունք» հեռուստածրագրի վարող Ռոման Բաբայանը, ՄՊՀ Հեռուստատեսության բարձրագույն դպրոցի դեկան, «Կուլտուրա» ալիքում «Ի՞նչ անել: Փիլիսոփայական զրույցներ» հեռուստածրագրի հեղինակ եւ վարող Վիտալի Տրետյակովը, 2003-2017 թվականներին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, Ռուսաստանի Դաշնային խորհրդի անդամ Իգոր Չեռնիշենկոն, 2009-2013 թվականներին Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն եւ այլք: