Ես չեմ ուզում Սասուն Միքայելյանի ասածը մեկնաբանել, շատ ուզում եմ հավատալ, որ դա լեզվի սայթաքում է եղել. եթե դա մտածված հայտարարություն է եղել, որ այս հաղթանակն ավելի կարևոր է, քան Արցախյան հաղթանակը, եթե Փաշինյանի հետ քննարկված հայտարարություն է, ապա դա շատ խորը գնացող հետևանքներ ունի։

Այս մասին «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ նշել է ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը:

Վիգեն Սարգսյանը նշեց, որ մեկ այլ հեռու գնացող և խորը խնդիր կա. «Եթե մենք խոսում ենք ավելի խորը, ինձ համար շատ ավելի խորը խնդիր է այն ճգնաժամը, որն այսօր վարչապետը ստեղծում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ շփումների մեջ հանրային հայտարարություններ անելով, որոնք հեռու գնացող շատ վտանգավոր հետևանքներ ունեն»,- ընդգծել է Վիգեն Սարգսյանը։

Նա նաև կոչով դիմեց վարչապետի պաշտոնակատարին և Արցախի բանակի ղեկավար կազմին. «Ես ուզում եմ ուղղակի օգտագործելով առիթը, բոլորին կոչ անել՝ և վարչապետի պաշտոնակատարին, և Արցախի մեր եղբայրներին, և բանակի ղեկավար կազմին, մի պահ հետ կանգնել, և մոռանալ, որ հիմա ընտրապայքար է ընթանում: Ընտրապայքարը 12 օր հետո ավարտվելու է, մենք մնալու ենք մեր հակառակորդի հետ երես առ երես, 100 հազարավոր բանակի հետ, որը շատ ուժեղ սպառազինված է, և որին պետք է պատրաստ լինել արձագանքել: Մեր ներքին որդը մեզ ուտելու է»,- նշել է Պաշտպանության նախկին նախարարը։