Ռուսաստանը պետք է ուշադրություն դարձնի Հայաստանի մտահոգություններին՝ կապված Ադրբեջանին սպառազինության մատակարարումների հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ Պետդումայի ԱՊՀ եւ հայրենակիցների հետ կապերի հարցերով կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը:
Մեկնաբանելով Բելառուսի կողմից սպառազինության մատակարարումների մասին նոր համաձայնագրի ստորագրումը՝ Զատուլինը նշեց, որ Բելառուսի դատավորը չէ: «Այն ամենը, ինչ վերաբերում է նման բնույթի հարցերին, ամենայն հավանականությամբ, պետք է քննարկվի ՀԱՊԿ շրջանակում: Եթե գործողությունները դուրս են գալիս դաշնակցային պարտավորությունների շրջանակից, պետք է որոշումներ ընդունվեն: Որքանով ես եմ հասկանում, մինչեւ հիմա վաճառքի ոչ մի արգելք կամ թույլտվություն չի եղել: Ուշադրություն դարձրեք նաեւ այն հանգամանքին, որ այն Ադրբեջանին վաճառվում է, իսկ Հայաստանին տրամադրվում: Իմ անձնական կարծիքով՝ մենք պետք է ուշադրություն դարձնենք Հայաստանի մտահոգությանը: Առավել եւս կապված 2016 թվականի ապրիլին հակամարտությունում տեղի ունեցածի հետ, որը շատ կյանքեր խլեց եւ զինադադարի ռեժիմի առաջին խոշոր խախտումն էր, որը ձեռք է բերվել 1994 թվականին ՌԴ-ի ակտիվ մասնակցությամբ: Ես այս տեսակետը պաշտպանում եմ բոլոր համաժողովներում»,- նշեց Կոնստանտին Զատուլինը:





























