Արդեն երկրորդ անգամն է, որ Երեւան, Ստեփանակերտ եւ Բաքու են այցելում հայ եւ ադրբեջանցի մտավորականները։ Եվ ժամանակն է որպեսզի տեսնենք, թե ինչ տվեցին այդ այցերը։ Երկու ժողովուրդների միջեւ հարաբերությունների կարգավորման վերամբարձ հայտարարությունների հետ մեկտեղ հնչեցին հերթական հիստերիաները հարեւան երկրի լրատվամիջոցների բերանով։ Այս անգամ, հիստերիան բարձացվել է, Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ այցելած ադրբեջանական պատվիրակության որոշ անդամների շուրթերից։ Ամենաանշնորհակալ դերն իր վրա էր վերցրել այսպես կոչված «Շուշիի շրջանի գործադիր իշխանության մշակույթի բաժնի պետ» Զահիդ Աբասովը, որը նպատակ ունենալով ինչ-որ կերպ արդարացնել այդ գոյություն չունեցող պաշտոնում իր գտնվելը, անընդհատ փորձում էր հիշյալ տարածքը, թեկուզ երազում, Բաքվից ղեկավարելու պատրանք ստեղծել։ Սակայն ադրբեջանական պրոպագանդայի դրոշակակիրները իսկական ադրբեջանցի չէին լինի, եթե չհակասեին իրենք իրենց։
Եվ ահա, Աբասովը որոշեց խայծ գցել, հայտարարելով, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ «Շուշին պատկանել է եւ պատկանելու է Ադրբեջանին։ Հայաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ նա ընդունել էր, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը անձեռնմխելի է։ Հանդիպումների ժամանակ մենք ընդհանրապես չենք քննարկել տարածքային ամբողջականության հարցեր»,- ասել է Աբասովը, ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում։ Ինչպես ասում են, մեկնաբանություններն այստեղ ավելորդ են։ Մարդը սադրիչ հայտարարություն է անում, այնուհետեւ ինքն իրեն հակասելով պնդում, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը չի քննարկվել հանդիպումների ժամանակ։
Ադրբեջանական պատվիրակության մյուս անդամները այս հարցում, ավելի շրջահայաց գտնվեցին։ Սակայն, դրանից, իրենց մեկնաբանությունների բնույթը չի փոխվեց։ Այդպես, կոմպոզիտոր Սիավուշ Քերիմին, «1news.az» լրատվական կայքին հայտնել է իր մտքերը, թե իբր հայերը չեն ցանկանում ընդունել իրականությունը… իրենց գլխով չեն մտածում, այլ նրանց ինչ որ մեկը սովորեցնում է։ Թե ով է մեզ սովորեցնում, նրա խոսքերից այդպես էլ չիմացանք։ Սակայն, տեղեկացանք արագորեն բարգավաճող Բաքվի մասին (երեւի դրա համար էլ ավելի քան մեկ միլիոն ադրբեջանցի, իրենց ընտանիքները պահելու համար, վաճառականությամբ են զբաղվում ռուսական շուկաներում)։ Քանի որ, Ադրբեջանի մայրաքաղաքը «ծաղկում եւ բարգավաճում է», ադրբեջանցի կոմպոզիտորի կարծիքով, մեզ՝ հայերիս, մնում է քաջ գիտակցել մեր քաղաքականության անհեռանկար լինելը եւ համապատասխան հետեւություններ անել։
Իսկ Միլի Մեջլիսի ընդդիմադիր պատգամավոր Ասիմ Մոլլազադեն այնքան էր վախեցել Երեւանում իր իսկ արած «ադրբեջանական ընդդիմությունը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության կողմնակից է», հայտարարության հետեւանքներից, որ վերադառնալուն պես ստիպված էր պարզաբանել. «Սա բացարձակապես անձնական կարծիքս է»։
Երկու երկրների միջեւ «հարաբերություններ կարգավորող» եւս մեկը՝ Մոլլազադեի խորհրդարանական գործընկեր Ռովշան Ռզաեւը նույնպես անկեղծորեն կիսվեց իր Հայաստան եւ Ղարաբաղ այցի գլխավոր նպատակով։ Պարզվում է՝ հայերը նահանջելու կարիք ունեն, եւ անհրաժեշտություն է առաջացել, որ «այդ մասին հնարավորինս շուտ պարզ դառնա»։ Այս համապատկերում Ադրբեջանի նախագահի աշխատակազմի միջազգային կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովի՝ ադրբեջանցիներին ու հայերին համատեղ ապրելու համար նախապատրաստելու պաշտոնական մեկնաբանությունը, ընդամենը ձեւական արտահայտություն է թվում։
Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ այցելած ադրբեջանական մտավորականության մեծ մասի «խաղաղասիրական» հիստերիայից կարելի է երկու եզրակացություն անել՝ Ադրբեջանի կողմից տվյալ նախաձեռնությունը կեղծ է, կամ հարեւան պետության իշխանությունները այնքան են խճճված իրենց պետական քարոզչամեքենայի սարդոստայնում, որ չեն կարողանում կանխատեսել դրա անկախատեսելի զարգացումները։ Մի բան է հստակ. Ադրբեջանական կացնային քարոզչությունը կարող է փչացնել յուրաքանչյուր լավ նախաձեռնություն։



























