Հայաստանի եւ Արցախի ղեկավարությունների միջեւ նման լարվածությունն անընդունելի է, ես նման լարվածություն մեկ էլ հիշում եմ 1991-1992 թվականներին, որը ոչ մի լավ բանի չհանգեցրեց: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց գյուղատնտեսության նախկին նախարար, ՀՅԴ ցուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի եւ Արցախի պաշտոնյաների միջեւ հրապարակային «փոխհրաձգությանը»:
«Երկու հայկական հանրապետությունների ղեկավարության միջեւ նման բան չի կարելի թույլ տալ: Ներսում կարող են վիճել, իրար քննադատել, բայց հրապարակային նման քննադատություն չի կարելի հնչեցնել: Նայեք, թե ադրբեջանական մամուլն ինչ է գրում: Երկու հայկական պետությունների ղեկավարների միջեւ հակադրությունը կարող է բերել հակաարցախյան տրամադրությունների աճի, ինչը արտաքին ճնշման պայմաններում կարող է հարվածի տակ դնել Հայաստանն ու Արցախը»,- ասաց Արթուր Խաչատրյանը:
Ինչ վերաբերում է ՀՀԿ ցուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող Դավիթ Շահնազարյանի հայտարարությանը, թե Նիկոլ Փաշինյանն իրականացնում է «իշխանություն Արցախի փոխարեն» ծրագիրը, դաշնակցական գործիչն ասաց. «Ղարաբաղը հայ ժողովրդի գոյության հիմնաքարն է: Մենք անկախություն ստացանք՝ պայքարելով Ղարաբաղի համար: Չկա Ղարաբաղի հարց, կա Հայաստանի հարց; Կորցնելով Ղարաբաղը՝ կկորցնենք Հայաստանը:
Շատ բնական է, որ Ղարաբաղի հարցը լինի բոլոր քաղաքական ուժերի ուշադրության կենտրոնում, բայց դա շահարկել եւ բերել դարձնել ընտրությունների ժամանակ 1-2 ավել ձայն պոկելու միջոց, ուղղակի անընդունելի է: Իսկ թե Դավիթ Շահնազարյանն ինչ է ասել, թող ինքը պատասխանի, ես չեմ ցանկանում որեւէ մեկի խոսքը մեկնաբանել»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արցախի որոշ պաշտոնյաներ խիստ քննադատել էին «Իմ քայլը» դաշինքի թեկնածու, ազատամարտիկ Սասուն Միքայելյանի հայտարարությունը, թե թավշյա հեղափոխությունն ավելի կարեւոր էր, քան արցախյան ազատամարտը: Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը Արցախի նախագահ Բակո Սահակյանին հորդորել էր կարգի հրավիրել իր կառավարության ներկայացուցիչներին և ուղարկել իրենց աշխատանքը կատարելու։





























