Անգլիացի գրող Ջոան Ռոուլինգը Twitter-ում Brexit-ի կողմնակից Ահարոն Բենքսի հետ վիճելիս անցել է ռուսերենի՝ տեղեկացնում է Медуза-ն։
Ռոուլինգը պատասխանել է իր վերջերս արած թվիթի վերաբերյալ Ահարոն Բենքսի ակնարկին։ Մի քանի օր առաջ Ռոուլինգը հայտարարել էր, որ ամեն անգամ երբ դուրս է գալիս «գրողի իր աշխատասենյակից» եւ նորություններ է դիտում, ինչ-որ հիմար բան է տեղի ունենում՝ նախորդ անգամ նրան զայրացրել էին Թերեզա Մեյի խոսքերն այն մասին, թե կրկնակի հանրաքվեի մասնակիցները ուզում են անտեսել ժողովրդի ցանկությունը։ «Ով, նրա կարծիքով, պետք է քվեարկի, չինացինե՞րը»,- գրել էր Ռոուլինգը։
Բենքսը, ում հանդեպ հետաքննություն է սկսվել Brexit-ի կողմնակից ընկերություններին ֆինանսավորելու համար, փորձել էր ծաղրել Ռոուլինգին եւ գրել էր․ «Գրողի աշխատասենյակ։ Կարելի է արդյոք ավելի հավակնոտ լինել․․․»։ Հենց սրան է արձագանքել Ռոուլինգը եւ ռուսերեն գրել է Բենքսի «համեստության» մասին, ով ճաշում է «կասկածելի հարուստ ռուսների հետ»։
.@Arron_banks Ага, зато этот человек скромный аж некуда — деньги вкладывает не в писательские кабинеты, а в дорогие ланчи с подозрительно богатыми россиянами. pic.twitter.com/XDkVYv8Q9v
— J.K. Rowling (@jk_rowling) 30 ноября 2018 г.
Բենքսը, ում կինը ռուս է, կարծես չի էլ շփոթվել Ռոուլինգի ռուսերեն թվիթից։ «Դուք կախարդական փայտի՞կ եք օգտագործել կամ գուգլ-թրանսլե՞յթ․․․ Իմ ռուս խառնարյուն որդին ասում է, որ սա անհեթեթություն է»,- պատասխանել է նա։





























