Քարոզարավում քաղաքական ուժերի պայմաններն անհավասար են, բայց ելման դիրքից են անհավասար. Երբ ընտրագրավ կա, աշխատավորությունը այդտեղ գործ չունի, օլիգարխիան գործ ունի: Այս մասին NEWS.amիի հետ զրույցում նշեց Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության ցուցակը գլխավորող Լեւոն Շիրինյանը:
«Մենք փորձում ենք նյութական անհավասարությունը փոխհատուցել գաղափարական դաշտում մեր գերազանցությամբ: Քարոզարշավը մեզ համար բավարար ենք գնահատում»,-ասաց նա:
Հարցին, թե ինչպես է գնահատում, որ ՀՀԿ-ն ու «Իմ քայլը» պայքարը տանում են սեւ-սպիտակի դաշտ, եւ դա ինչ ազդեցություն կունենա քարոզարշավի վրա, Շիրինյանը պատասխանեց, որ ինքը չի ցանկանում ընդհանրապես խոսել ՀՀԿ-ի մասին. «ՀՀԿ-ն ինձ համար մեռած ուժ է, որը որեւէ հետաքրքրություն չի ներկայացնում իրենից: Բայց կարող եմ ասել, որ ինչ-որ մի նախագիծ տապալվել է: Հավանաբար, ուզում էին ՀՀԿ-ից ստեղծել սուտ, հեշտ կառավարելի ընդդիմություն, բայց կարծես չափն անցան: Դրա համար ՀՀԿ-ն ինձ ընդհանրապես չի հետաքրքրում, ու այդ պարագայում «սեւ-սպիտակ»-ը օրակարգից դուրս է գալիս: Ինձ թվում է մամուլը տեղապտույտ է տալիս ՀՀԿ-ի թեմայի վրա, ժողովրդի լեզվով ասած «բուքսավատ» է անում: Եթե ուզում եք, որ ՀՀԿ-ն ընդդիմություն լինի, չի լինելու, իմացեք»:
Շիրինյանի խոսքով, իրենք հեղափոխությանը աջակցող ուժ են, միաժամանակ այլընտրանք իշխանություններին. «Մենք փորձում ենք առաջ տանել չափավոր լիբերալիզմի թեզը, նաեւ ուզում ենք հայ ժողովրդին վերադարձնել իր արքետիպային աստվածաշնչյան կերպարը: Ունենք քաղաքական ու տնտեսական հայեցակարգ, որի մեխը պառլամենտարիզմն է, արդյունաբերության վերականգնումն ու մշակույթի վերադարձը: մենք գնում ենք մեր ճանապարհով դեպի իդեալի իրականացում: մենք մեր նիշը չենք իջեցնելու»:
Նա ընդգծեց, որ իրենք քաղաքական դաշտին պարտադրելու են քաղաքական բարձր մշակույթ, իսկ քաղաքական ցածր մակարդակը թողնելու ենք անցյալում:





























