Քարոզարշավը գնահատում ենք դրական, քանի որ 30 տարում սա առաջին դեպքն է, որ արդար ընտրությունների բացառիկ շանս է տրվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակը գլխավորող Լուսինե Հարոյանը:
«Իհարկե, կան թերություններ, ինչպես օրինակ վարչական ռեսուրսի չարաշահումն է, կամ լրատվամիջոցների ոչ այնքան օբյեկտիվությունը, բայց ընդհանուր առմամբ քարոզարշավը դրական ենք գնահատում: Մենք ընտրել ենք քարոզարշավի մեր ձեւը, չենք կազմակերպում հանրահավաքներ, շրջում ենք բակից բան, զրուցում ենք մարդկանց հետ, լսում նրանց հոգսերը: Կենդանի շփումն ավելի հետաքրքիր ու էմոցիոնալ է, ինչը մենք շարունակելու ենք»,-ասաց նա:
Հարոյանը բացասական գնահատեց, որ ՀՀԿ-ն ու «Իմ քայլը» պայքարը տանում են սեւ-սպիտակի դաշտ. «Կեղծ օրակարգ է առաջ բերվել: Քարոզարշավը պետք է լիներ գաղափարական: Պետք է հնարավորություն տրվեր, որ կուսակցությունները ներկայացնել իրենց ծրագրերը, որ մարդիկ հնարավորություն ունենային ընտրություն կատարել ծրագրերի մեջ: Մեր կարծիքով ՀՀԿ-ն եւ նրա հետ ժամանակին կոալիցիա կազմած ուժերը պետք է անցնեն պատմության գիրկը: Մենք կուզեինք ՀՀԿ-ի շատ գործիչների տեսնել ճաղերի հետեւում, բայց չգիտես ինչու նրանք ոչ միայն ճաղերի հետեւմ չեն, դեռ մի բան էլ քաղաքական հայտ են ներկայացրել հայտնվելու նոր խորհրդարանում: Դա մեզ համար անընդունելի է»,-հայտարարեց կուսակցության ցուցակը գլխավորողը՝ հավելելով, որ աայստեղ նոր իշխանության մեղքը եւս կա:
«Իշխանությունը, չգիտես ինչու, օրակարգ է բերել ՀՀԿ-ի հետ հակադրությունը, փոխանակ հնարավորություն տալու, որ նոր ուժերը ներկայանան իրենց նոր, թարմ ծրագրերով: Մեր շանսը մեր ծրագիրն է: Մենք վստահ ենք, որ մեր ծրագրերին ծանոթանալու դեպքում ընտրողն իր ձայնը մեզ է տալու: Կարճ է ժամանակահատվածը, բայց ամեն ինչ անում ենք, որ ներկայանանք ընտրողներին: Ռացիոնալ ընտրողը, որը կծանոթանա մեր ծրագրերին, համոզված եմ, որ մեզ կընտրի եւ մենք կհայտնվենք Խորհրդարանում: Եթե չհայտնվենք խորհրդարանում, շարունակելու ենք մեր գործունեությունը, ոչինչ մեզ չի կանգնեցնելու»,-ասաց նա:





























