Երեւանը չի բացառում արեւմտյան, այդ թվում ամերիկյան սպառազինության տեխնոլոգիաների գնման հնարավորությունը: Այս մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով «Կոմերսանտ»-ի հարցին:
Սպառազինության համակարգերը անընդհատ կատարելագործվում են, շուկայում անընդհատ հայտնվում են նոր տեսակներ: Եվ մենք, հատկապես գտնվելով այնպիսի մթնոլորտում, որտեղ առկա է ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիք, մենք ինքներս պետք է կատարելագործվենք»,-ասել է նա:
«Կարծում եմ՝ չի կարելի ամբողջությամբ բացառել համագործակցությունն այդ ոլորտում, այդ թվում ԱՄՆ-ի հետ: Սեփական պետության անվտանգությունն ապահովելու համար մենք պատրաստ ենք գնել արտադրանք շուկայից, եթե այն, իհարկե, մատչելի է»,-ասել է նախարարի պաշտոնակատարը, ով սակայն չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ տեխնոլոգիաների մասին է խոսքը:
Նշենք, որ ԱՄՆ-ում կա սահմանափակում Հայաստանին եւ Ադրբեջանին սպառազինություն վաճառելու հարցում՝ կապված Արցախի հակամարտության հետ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Երեւան կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ Վաշինգթոնը կնախընտրեր, որ Հայաստանը ռուսականի փոխարեն ամերիկյան զենք գներ: Դրանից հետո ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խոստացել էր քննարկել, եթե նման առաջարկ լինի, սակայն Դավիթ Տոնոյանը «Կոմերսանտին» պարզաբանել է, որ այդ հարցում դեռեւս որեւէ առաջընթաց չկա:





























