ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածու Տիգրան Ավինյանի նախընտրական շտաբի պետ Վարագ Սիսեռյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է մամուլի այն հրապարակումներին, որ Տիգրան Ավինյանը համագործակցում է նախկին իշխանության ներկայացուցիչների (տասովչիկների) հետ:
Վարագ Սիսեռյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.
«Սիրելի՛ ընկերներ,
«Հրապարակ» թերթը հոդված է հրապարակել, որտեղ գրում է, թե «ՀՀԿ երբեմնի տասովշչիկներն աջակցում են Տիգրան Ավինյանին»:
Այս առումով նշեմ հետեւյալը.
• Առաջին, որեւէ «տասովշչիկներ» մեզ չեն աջակցում։
• Երկրորդ, Տիգրան Ավինյանը պարբերաբար իր նախընտրական շտաբերում հանդիպումներ է անցկացնում քաղաքացիների հետ, եւ մուտքը դրանց ընթացքում ամբողջովին ազատ է։ Մեր դռները բաց են բոլորի առջեւ, եւ յուրաքանչյուր ոք կարող է մոտենալ եւ ծանոթանալ «Իմ քայլը» դաշինքի ծրագրային դրույթներին, Հայաստանի զարգացման մեր տեսլականին։
• Երրորդ, նախընտրական քարոզչության աշխատանքների շրջանակներում մենք ներգրավվել ենք կամավորների, որոնք մեզ օգնում են բուկլետներ բաժանելու, պաստառներ փակցնելու եւ այլ կազմակերպչական հարցերում։ Բնականաբար, չենք կարող յուրաքանչյուր օգնել ցանկացող կամավորի կենսագրությունը մանրադիտակի տակ դնել ու ստուգել եւ մտնել նրա կյանքի մանրամասնությունների մեջ։ Բայց մինչեւ որեւէ անձի մեր աշխատանքներում ներգրավելը մենք հստակորեն բացատրում ենք նրան, թե որոնք են օրենսդրությամբ նախատեսված խաղի կանոնները եւ պահանջում, որպեսզի նրանք առաջնորդվեն միայն դրանցով։
Թերեւս այսքանը»:





























