Կուբայում ևս մեկ դիվանագետի խորհրդավոր հիվանդությունից հետո Կանադան դիտարկում է Հավանայում իր դեսպանատան հետագա ճակատագրի մասին հարցը: Առաջիկա շաբաթվա ընթացքում Կուբա կժամանի կանադական բարձրաստիճան պատվիրակությունը դեսպանատան աշխատանքի ստուգման և անձնակազմի համար ռիսկերի նվազեցման նպատակով, հաղորդում է Немецкая волна-ն՝ վկայակոչելով Օտավայում արտաքին գործերի նախարարությունը:

Կանադայի ԱԳՆ-ի ներկայացուցիչը նշել է, որ դիտարկվում են բոլոր տարբերակները, սակայն հրաժարվեց մասրամասնել: ԱՄՆ-ի և Կանադայի դիվանագետներն ու իրենց ընտանիքի անդամներն արդեն երկու տարի է բողոքում են այնպիսի ախտանշաններից, ինչպիսիք են գլխապտույտը, հոգնածությունը, գլխացավերը, տեսողության և լսողության խնդիները, հավասարակշռության կորուստը, սրտխառնոցներն ու ուշադրության կենտրոնացման թուլացումը: Մինչ այժմ ԱՄՆ-ի 25 քաղաքացիներ և 13 կանադացիներ են տուժել: Այդ ախտանշանների առաջացման պատճառներն այդպես էլ չեն հայտնաբերվել:

Նոյեմբերի 29-ին Կանադայի կառավարությունը հայտարարել է այդ հիվանդության նոր դեպքի մասին: Կանադական դիվանագիտական առաքելության տուժող աշխատակցին կարգադրվել է լքել Կուբան և վերադառնալ տուն:

Վաշինգտոնը խորհրդավոր հիվանդության պատասխանատվությունը վերագրել է Հավանայի ղեկավարությանը: Սկզբում ենթադրվում էր, որ դիվանագիտական ներկայացուցչությունը ենթարկվում էր «ակուստիկ հարձակումների»: Սակայն, ըստ Օտավայի եզրակացության, դա քիչ հավանական տարբերակ է: