«Այս ընտրություններում մենք մեր առաջ խնդիր ենք դրել, որ ապագա խորհրդարանում պետք է լինենք երկրորդ քաղաքական միավորը։ Հետհեղափոխական Հայաստանում հեղափոխական ուժից հետո երկրորդ քաղաքական միավոր լինելը, ըստ էության, առաջինը լինելն է»։ Այս մասին այսօր Սեւան քաղաքում նախնըտրական քարոզարշավի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը։
Նրա խոսքով՝ Սեւանի ավազանի համայնքները իրենց համար ռազմավարական նշանակություն ունեն. «Իզուր չէ, որ այստեղ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը շատ ակտիվ է, իր ռեյտինգային թեկնածուների միջոցով մասնակցում է այս ընտրություններին։ Մենք բոլոր ընտրություններին այստեղ մասնակից ենք լինելու, մենք ամեն ինչ անելու ենք, որ ձեր խնդիրները բարձրաձայնվեն եւ քայլ առ քայլ լուծվեն։ Մենք քաղաքացու հետ ընդհանուր գործ ենք բռնել, որը տանում է մեզ արդիական, զարգացող Հայաստանի Հանրապետություն»։
Մարուքյանի խոսքով՝ իրենք ունեն պրոֆեսիոնալ կադրեր. «Իրենք իրենց անցած ճանապարհով արդեն ցույց են տվել, թե ինչ են ընդունակ անելու։ Եվ, թե կառավարությունում, թե Ազգային ժողովում, Երեւանի, թե Վանաձորի ավագանիում, այնտեղ, որտեղ մենք մարդ ունենք, մեր ներդրումը ունեցել ենք։ Ընտրեք այնպիսի մարդկանց, որոնք կարող են ձեր շահը ներկայացնել»։
Էդմոն Մարուքյանը նաեւ նշեց, որ Սեւանում իրեն հայտնել են, թե իրենց կուսակցության դեմ հակաքարոզչություն է իրականացվում. «Ինձ բողոքեցին նաեւ, որ մեր կուսակցության դեմ այստեղ հակաքարոզչություն է իրականացվում, ուրեմն ես Ձեզ ասեմ․ ովքեր մեր դեմ հակաքարոզչություն են իրականացնում, շատ կարճ քաղաքական կյանք են ունենում, ես բոլորին հորդորում եմ զբաղվել իրենց գործերով եւ «Լուսավոր Հայաստանից» հեռու մնալ։ Եթե մեկը փորձվի «Լուսավոր Հայաստան» կուսակցության լույսը մի փոքր խամրեցնել, ես վստահեցնում եմ Ձեզ՝ վատ հետեւանքներ կարող է ունենան»։





























