Հայաստանում տեղի է ունեցել լոկ վարչախմբի փոփոխություն, եթե չասեմ` մարդափոխություն։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 3–ին, Արմավիրում ընտրողների հետ հանդիպմանն ասել է ՀՅԴ նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, տեղեկացնում է Yerkir.am–ը։
Նրա խոսքով՝ Դաշնակցությունն ընտրություններին մասնակցում է հստակ գիտակցությամբ, որ այս ընտրությունները Հայաստանի համար բախտորոշ են լինելու: Ըստ ռուստամյանի`այս տարի կարևորագույն իրադարձություն տեղի ունեցավ. ժողովրդական շարժման միջոցով հնարավոր եղավ երկրի համար նոր հեռանկար բացել:
«Այն, ինչ կատարվեց հետո, սակայն, մեր գնահատմամբ` լոկ վարչախմբի փոփոխություն է, եթե չասեմ` մարդափոխություն է: Հեղափոխությունը դեռ առջևում է, հեղափոխությունը կլինի լիարժեք, երբ յուրաքանչյուրիս տանը զգանք դրա դրական պտուղները, երբ հասկանանք` ձևավորվել է մի իշխանություն, որ շատ պարզ գիտակցում է թե մեր արտաքին, թե ներքին վտանգները, մարտահրավերները և դրա համար ունի ուժ, կարողություն և հստակ ծրագրեր, որ այդ իրավիճակից դուրս բերի մեր երկիրը: Հեղափոխությունը տեղի կունենա այս ընտրությունների արդյունքում ձևավորված իշխանությունների կողմից»,-ասել է Ռուստամյանը:
Ըստ նրա` այն պայմաններով, որն ունենք այսօր, հայտարարել, թե 2019-ին մենք ծայրահեղ աղքատներ չենք ունենալու, Դաշնակցությանը ՝որպես սոցիալիստական կուսակցության, անընդունելի է: Ռուստամյանի խոսքով` Հայաստանում չպետք է լինեն մարդիկ, որոնց եկամուտը 70-80 000 դրամից քիչ կարող է լինել, և հենց դրա համար էլ Դաշնակցությունն առաջադրել է իր թեկնածությունը, որպեսզի խնդիրներն առաջ քաշվեն ու դրանց լուծում տրվեն:
Ռուստամյանի հավաստմամբ` միայն ներքին համերաշխության շնորհիվ կարող ենք դիմակայել արտաքին մարտահրավերներին.«Օր-օրի սահմանին կուտակումներ ենք տեսնում, և մենք ուրիշ ռեսուրս չունենք, քան` մեկս մյուսով հզորանալը, ողջ հայության ներուժն օգտագործելը, կազմակերպելը: Սփյուռք-Արցախ-Հայաստան եռամիսությունը պետք է պահպանվի, և հռետորաբանությունից, որը դա քանդելու ուղղությամբ է, օր առաջ պետք է ազատվել: Այս քարոզարշավը կավարտվի, այս ամենը կմոռացվի, բայց մարտահրավերները` ներքին և արտաքին, չեն վերանալու: Դրա համար էլ պետք է ընտրել այն քաղաքական ուժին, որը գիտի` ինչպես վարվի նման պարագաներում, ինչ խնդիրներ կան մեր առջև կանգնած և դրանց համապատասխան էլ ծրագրով է ներկայացել»:



























