Ես չհամաձայնելով, որ էդ սահմանադրությունն ընդունվի, էդ ամեն ինչը իմ վրա վերցրեցի ու էդ էջը ծալեցի։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին, Մարտունիում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական քարոզարշավի ընթացքում լրագրողների հետ զրույցում հայտարարեց կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ խոսելով 2015 թվականին սահմանադրական փոփոխությունների եւ քաղաքականությունից իր հեռանալու մասին։
«Դուք գիտեիք, որ ամբողջ ազգը ոտքի վրա էր, ամբողջ ազգը դուրս էր գալիս, փոքր, մեր ու մանուկ, ու տեսնելով, որ մի գիշերվա մեջ 639 հոգին ակտիվիստներին կալանավորել են, զորքերը բերել են, ու եթե պետք էր իմ ժողովրդի մատից արյուն թափեր, Ծառուկյանը չէր կարող թույլ տար, որ ասեին Ծառուկյանն իր ունեցվածքը վայելում ա, ժողովրդին հանեց արյունահեղության, դրա համար ես չհամաձայնելով, որ էդ սահմանադրությունն ընդունվի, ես էդ ամեն ինչը իմ վրա վերցրեցի եւ 639-ին էլ բաց թողեցին եւ էջը ծալեցի, որովհետեւ ես քաղաքականությամբ չեմ ապրում, ես ուզում եմ բան փոխվի, այդ հնարավորությունը կա, որ բոլորն էլ լավ ապրեն»,-նշեց նա։
Դիտարկմանը, թե այնուամենայնիվ վերադառնալով քաղաքականություն, միեւնույնն է, հաշտվեց Սերժ Սարգսյանի հետ, որի հորդորով էլ հեռացել էր, վերջինս նկատեց․ «Այսինքն ի՞նչ պետք է անեի։ Իմ դռան դեմը իմ կուսակցական ընկերները, ժողովուդը գալիս եւ ասում էին, որ անհրաժեշտ է իմ գալը։ Ես եկել եմ ու առանց որեւէ մեկի համաձայնությունը վերցնելու մասնակցել ենք ընտրություններին, ի՞նչ կա դրա մեջ»։
ԱՆդրադառնալով վերադառնալուց հետո Սերժ Սարգսյանի հետ իր հարաբերություններին՝ Ծառուկյանն ասաց․ «Եթե երկրի նախագահն է, ինչ ընդիմություն ուզում ես լինես, դու պարտավոր ես հանդիպելու, քո միտքն ու գաղափարը ասելու, կիսվելու, ի՞նչ կա դրա մեջ»։





























