Նախկինում ընտրությունների ժամանակ տոտալ ճնշումներ կային, հիմա բավականին բարենպաստ վիճակ է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Մենք» դաշինքից պատգամավորի թեկնածու Խաչատուր Քոքոբելյանը:

Նրա խոսքով, այսօր ընտրողները հետաքրքրված են ընտրական պրոցեսով, ծրագրերով. «Առաջին քայլն արվել է, իշխանական բուրգից հեռացվել է հանցավոր խումբը, բայց այսօր հասարակությանն իրավացիորեն հետաքրքրում են նաեւ հաջորդ քայլերը, թե ինչ պետք է անել հետո»,-ասաց Քոքոբելյանը՝ հավելելով, որ այն մեթոդներով, որոնցով գործում են այսօր, երկիրը ստեղծված վիճակին հնարավոր չէ հանել:

«Միայն կոշտ մեթոդները չեն, ամեն ինչ պետք է տանել շատ հստակ, որ տնտեսությունը զարգանա, գործի օրենքը, ոչ թե ուժը, որ անհապաղ աշխատատեղեր ստեղծվեն: Պետությունը պետք է միջավայր ստեղծի, որ թիրախային ներդրումներ լինեն: Ես միշտ հայտարարել եմ, որ ՀՀ-ում չլուծվող հարց չկա: Որ Հայաստանում գազի սակագինը 30 տոկոսով պետք է իջնի, որ Հայաստանում հնարավոր է 3 տարում մինչեւ 100 հազար աշխատատեղ ստեղծել: Սա մեր ծրագրերն են, որոնց տակ թվեր կան»,-ընդգծեց «Մենք»-ի թեկնածուն՝ հավելելով, որ դա անելու համար պետք են ադեկվատ մարդիկ:

Նա վստահություն հայտնեց, որ ստվերը կրճատելու արդյունքում հնարավոր է ուսուցիչների, բժիշկների, սպաների աշխատավարձն ու թոշակները 25 տոկոսով ավելացնել: