Դեռ 90-ականներին Լեւոն–Տեր Պետրոսյանը, որ վայելում էր ժողովրդի մեծ մասի համակրանքը, սպառնում էր մեզ՝ խմբերը ետ կանչեք Ղարաբաղից, ես ձեզ դատի կտամ․ այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության 25–ամյակի միջոցառման ժամանակ ասաց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը՝ անդրադառնալով այս օրերի եւ 90–ականների համընկնող դեպքերին։

«Որքա՜ն նմանություն կա այս օրերի եւ այդ՝ հին օրերի միջեւ։ Հենց այստեղ է, որ ուզում եմ ուշադրություն դարձնել, որպեսզի այդ փորձը ունենալով փորձառության վերածենք»,- նշեց նա՝ նկատելով, որ այսօրվա իշխանությունն ավարտել է Լեւոն Տեր–Պետրոսյանի դպրոցը. «Այսօր մեզ ասում են՝ եթե ասում եք Ղարաբաղի անվտանգության հարցով մտահոգ եք, ապա ԱԱԾ–ն պիտի ձեզնով զբաղվի, շատ է նման իրար, բայց մենք չընկճվեցինք։ Ազգի անունով իշխանության եկած անձը շատ քիչ ժամանակ անց սփյուռքին ասաց նարինջ ուտող,  այդպես են սկում ազգի պառակտումը։ Նույն ձեռագիրն է, հավանաբար, այսօրվա ղեկավարությունը նույն դպրոցն է ավարտել, նույն մշակույթն է բերում մեր կյանք»։

Այնուամենայնիվ, ըստ Մարգարյանի, չպետք է ունենանք այն տպավորությունը, որ Լեւոնի դպրոցի սաները ռեւանշի են դուրս եկել Հայաստանում, «մենք պետք է կարողանանք մեր երկրում ապրել միասնաբար»,- եզրափակեց նա։