Դեկտեմբերի 7-8-ը Գյումրիում կանցկացվի «Մարզերի ուժեղացումը բարձր տեխնոլոգիաների խթանման ճանապարհով» թեմայով երկրորդ գիտաժողովը: Միջոցառումը կազմակերպել են «Հայաստանի ձեռնարկությունների ինկուբատոր» (EIF) հիմնադրամը եւ Գյումրիի Տեխնոլոգիական կենտրոնը՝ Հայաստանի կառավարության հետ համատեղ: Այն անցկացվում է EU-SMEDA («Աջակցություն Հայաստանում ՓՄՁ զարգացմանը») ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորում են Եվրամիությունը, Տնտեսական համագործակցության եւ զարգացման դաշնային նախարարությունը, Միջազգային համագործակցության գերմանական միությունը (GIZ):

Միջոցառմանը կմասնակցեն վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ու տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը:

Գիտաժողովին կմասնակցեն Հայաստանի բոլոր մարզերից 200-ից ավելի ՏՏ երիտասարդ մասնագետներ:

«Այս միջոցառումն ուղղված է մարզերում ՏՏ ոլորտում նոր լուծումների եւ գաղափարների հայտնաբերմանը՝ դրանց հետագա իրականացմանը նպաստելու նպատակով: Միջոցառումն ուղղված է Հայաստանի բոլոր մարզերում տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների հավասարաչափ զարգացմանը, ինչն անչափ կարեւոր է տնտեսության թվայնացման պայմաններում»,- դեկտեմբերի 5-ին մամուլի ասուլիսում նշեց EIF տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

Միջոցառման կազմակերպիչները վստահ են, որ նման միջոցառումների անցկացումը կնպաստի Հայաստանի բոլոր մարզերում ՏՏ ոլորտում ձեռնարկատիրական գործունեության զարգացմանը:

«Գյումրիի Տեխնոլոգիական կենտրոնում միջոցառման անցկացման նախաձեռնությունը կարեւոր է նրանով, որ մյուս մարզերի երիտասարդները Գյումրիի օրինակով կտեսնեն, որ Հայաստանը միայն Երեւանով չի սահմանափակվում»,- նշեց EIF ներկայացուցիչ Ամալյա Եղոյանը: 

Նա հավելեց, որ միջոցառումը Հայաստանի բոլոր մարզերի երիտասարդներին հնարավորություն կտա հավաքվել այն գաղափարի շուրջ, որ բարձր տեխնոլոգիաների զարգացման հնարավորությունները անհրաժեշտ է ապակենտրոնացնել եւ տարածել Հայաստանի բոլոր մարզերում՝ կառավարության եւ միջազգային կառույցների օժանդակությամբ: