Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսն սեպտեմբերի 21-ն՝ Անկախության օրը նշեց հորդառատ անձրեւի տակ:
Ի դեպ, նախորդ տարիներին ՀԱԿ-ը անկախության օրը նշում էր որեւէ դահլիճում, սակայն այս անգամ, ինչպես NEWS.am-ին հայտնեց ընդդիմության ներկայացուցիչներից մեկը, բոլոր դահլիճներն իրենց առջեւ փակ են եղել, իրենք ստիպված են եղել տոնը նշել բաց երկնքի տակ:
Ինչեւէ, ժամը 19.00-ին մոտ, երբ Սարյանի արձանի մոտ ժամանեց առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, հորդ անձրեւ էր տեղում, ինչը, սակայն չխանգարեց ընդդիմության մի քանի հարյուր կողմնակիցներին թրջվելու հետ միաժամանակ վանկարկել «Լեւոն-նախագահ» եւ «Ազատ, անկախ Հայաստան»: Հավաքվածները նաեւ չէին լսում առաջին նախագահի հորդորները՝ ցրվել եւ չթրջվել: Անձրեւի պատճառով Լեւոն Տեր-Պետրոսյանը ելույթ չունեցավ, միայն շնորհավորեց համակիրների տոնը եւ նրանց խնդրեց ցրվել:




























