Ամերիաբանկը շարունակում է ՀՀ ֆինանսական շուկայում հանդես գալ նորարարական առաջարկներով՝ հնարավորություն ընձեռելով ընդամենը հինգ րոպեում հեռահար եղանակով բացել բանկային հաշիվ: Ասված է Ամերիաբանկի հաղորդագրության մեջ․ նոր առաջարկով` ՀՀ ռեզիդենտ քաղաքացիները կարող են դառնալ բանկի հաճախորդ առանց բանկ այցելելու` անվճար բացելով «Սմարթ» հաշիվ: Նրանք միաժամանակ կարող են անվճար ձեռք բերել Visa/Mastercard միջազգային վճարային քարտ և օնլայն բանկինգ` առանց սպասարկման վճարի:

Ամերիաբանկի Թվային ուղիների տնօրեն Գրիգոր Դավթյանը նշեց. «Կարևորելով հեռահար բանկային ծառայությունների զարգացման անհրաժեշտությունը մեր օրերում, Ամերիաբանկը շարունակում է հանդես գալ թվային նոր լուծումներով: Ուսումնասիրելով օնլայն հարթակներում հանրության վարքագիծը`մենք որոշեցինք մշակել ծառայություն, որը հաշված րոպեների ընթացքում նվազագույն տվյալների առկայությամբ հասանելի կդարձնի բանկային հիմնական ծառայությունները: Մենք փորձել ենք շատերի համար հաճելի դարձած սելֆին օգտագործել նաև բանկային ոլորտում` զուգակցելով զվարճալի զբաղմունքն օգտակար գործընթացի հետ»: 

«Սմարթ» հաշվի բացման համար հաճախորդին անհրաժեշտ է ընդամենը ՀՀ անձը հաստատող փաստաթուղթ` անձնագիր կամ նույնականացման քարտ,  սոցիալական քարտ, ինտերնետի հասանելիությամբ սմարթֆոն կամ վիդեոախցիկով ապահովված համակարգիչ: