Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման  գծում փետրվարի  13-ից 19-ը ընկած ժամանակահատվածում հակառակորդի կողմից, տարբեր տրամաչափի զենքերի կիրառմամբ  հրադադարի ռեժիմի խախտվել է շուրջ   200 անգամ, որի ընթացքում արձակվել է ավելի քան 1000 կրակոց:  

Լեռնային Ղարաբաղի ՊԲ լրատվության եւ քարողչության բաժնից NEWS.am-ին հայտնում են, թե հատկանշական է, որ ի տարբերություն ընթացիկ տարվա նախորդ ժամանակահատվածում արձանագրված խախտումների, այս շաբաթ` փետրվարի 15-ին ժամը 21-ն անց 45-ի սահմանում` շփման գծի հարավային ուղղությամբ, ադրբեջանական դիրքապահներն իրենց նախահարձակ գործողություններում օգտագործել են նաեւ «РПГ-7»  տիպի խոշոր տրամաչափի զինատեսակ:

Հարկ է նաեւ նշել, որ հրադադարի ռեժիմի խախտմանը զուգահեռ, փետրվարի 17-ին առավոտյան ժամը 8:30-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտու հյուսիսարեւելյան հատվածում (Ջրաբերդի ուղղությամբ) հակառակորդը հերթական անգամ դիմել է դիվերսիոն գործողության: Հանդիպելով ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կուռ պաշտպանությանը, թշնամու հատուկ նշանակության ջոկատայինները դիմել են փախուստի:
Ըստ նախնական տվյալների` հակառակորդն ունի կորուստներ, ինչի մասին հաստատել են նաեւ ադրբեջանական աղբյուրները: Պաշտպանության բանակը կորուստներ չի կրել:

Չնայած հակառակորդի կողմից դրսեւորած ակտիվությանը, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները վստահորեն իրականացրել են իրենց առջեւ դրված մարտական խնդիրները: