Բաքվում՝ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍՏՀԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստի շրջանակներում, տեղի է ունեցել Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի եւ Մեւլութ Չավուշօղլուի հանդիպումը:

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության առանցքային հարցերը` շեշտը դնելով էներգետիկ ոլորտում համագործակցությանը, ինչպես նաեւ միջազգային օրակարգի արդիական հարցերին: Մասնավորապես, կարծիքներ են փոխանակվել Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի, Անդրկովկասի, Ուկրաինայի եւ Սեւծովյան տարածաշրջանի իրավիճակի վերաբերյալ: Ուշադրություն է դարձվել միջազգային կազմակերպությունների հարթակներում, այդ թվում ՍՏՀԿ-ում փոխգործակցությանը, որի հաջող եւ արդյունավետ գործունեության ապահովման համար Ռուսաստանը եւ Թուրքիան առանցքային դեր են խաղում:

Բանակցությունների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել Սիրիայի քաղաքական կարգավորմանը, մասնավորապես՝ Իդլիբ դեէսկալացիոն գոտում իրավիճակի կայունացման հուշագրի իրականացմանը, նոյեմբերի 28-29-ը Աստանայում Սիրիայի վերաբերյալ 11-րդ միջազգային խորհրդաժողովի արդյունքներին, Սահմանադրական հանձնաժողովի աշխատանքների իրականացմանը՝ քաղաքացիական հասարակության բոլոր ներկայացուցիչների մասնակցությամբ, սիրիացի ժողովրդին մարդասիրական օգնության ցուցաբերմանը, Սիրիայի ենթակառուցվածքների վերականգնման համար պայմանների ստեղծմանը եւ փախստականների եւ ներքին տեղահանվածների վերադարձի ապահովմանը: