ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանն այսօր ընդունել է Հայաստանում Չեխիայի դեսպանության առաջին քարտուղար Յան Պլեշինգերին, «Մարդը կարիքի մեջ» (“People in need”) հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Շիմոն Պանեկին եւ կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Վարդուհի Դադունցին:

Գյուղնախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման սկզբում հյուրերը համառոտ ներկայացրել են «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության առաքելությունը եւ առաջիկա նախաձեռնությունները, մասնավորապես, Ամասիայում բրդի վերամշակման գործարանի ստեղծման ծրագիրը:

Գեղամ Գեւորգյանը նշել է, որ նման ծրագիրը խիստ կարեւոր է ՀՀ գյուղատնտեսության ոլորտի զարգացման համար, քանի որ նպաստում են գյուղական բնակավայրերում նոր աշխատատեղերի բացմանը եւ եկամուտների ավելացմանը:

Հյուրերի տեղեկացմամբ` բրդի վերամշակման երկամյա ծրագիրը նպատակ ունի նպաստել բրդի ողջ արժեշղթայի զարգացմանը՝ ոչխարաբուծությունից մինչեւ տարատեսակ ապրանքների արտադրություն: Այն  մշակվել է «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի, Ամասիայի համայնքապետարանի, Շիրակի առեւտրաարդյունաբերական պալատի եւ ՎԻՆՆԵԹ Հայաստան կանանց ռեսուրս կենտրոնների ցանցի համատեղ ջանքերով, իրականացվելու է 2019 թվականին «ԵՄ-ն Շիրակի մարզին. նոր աշխատատեղեր շնորհիվ բրդի արտադրության» ծրագրի շրջանակում:

Ծրագրով նախատեսվում է նաեւ տեղի բալբաս տեսակի ոչխարների տրամախաչում կորիդել տեսակի բրդամսատու տեսակի հետ։ Նախաձեռնողներն ակնկալում են, որ բարեհաջող ընթացքի դեպքում այն կկիրառվի նաեւ այլ մարզերում։

Պատրաստակամություն հայտնելով աջակցել վերոնշյալ ծրագրերի կյանքի կոչմանը` Գեղամ Գեւորգյանն առաջարկել է ուսումնասիրել Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում նաեւ այլ նախաձեռնությունների, մասնավորապես` գյուղատնտեսական քոլեջների ստեղծման եւ փորձացուցադրական այգիների հիմնման հնարավորությունը: