Եվրամիությունը իր կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հարյուր օր առաջ հավանության է արժանացրել արտակարգ միջոցառումների փաթեթն այն դեպքի համար, եթե Brexit-ը չկարգավորված լինի։ Այդ ծրագրերն անհրաժեշտ են, որպեսզի ««առանց գործարքի» Brexit-ի դեպքում սահմանափակվեն վատագույն հետեւանքները»՝ տեղեկացնում է DW-ն՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովին։

Բրյուսելում պարզաբանել են, որ համաձայնեցվել է 14 արտակարգ միջոցառումներից կազմված փաթեթ, որը կոչված է պաշտպանել առաջին հերթին առեւտուրը, տրանսպորտն ու ֆինանսները։

Օդային հաղորդակցության ոլորտում կոլապսից խուսափելու համար որոշվել է պահպանել որոշ տրանսպորտային խողովակներ։ Սակայն դա կարող է իրականացվել այն դեպքում, եթե Մեծ Բրիտանիան եվրոպացի ուղեւորների համար նմանօրինակ իրավունքներ ապահովի։ ԵՄ-ն պատրաստ է նաեւ բրիտանացիների համար 90 օրով առանց վիզայի մուտք թույլ տալ ԵՄ տարածք, եթե Բրիտանիան էլ թույլ տա ԵՄ անդամ երկրների քաղաքացիներին առանց վիզայի մուտք գործել իր տարածք։

Մեծ Բրիտանիան Եվրամիության կազմից դուրս կգա 2019թ․ մարտի 29-ին։ Բրյուսելն ու Լոնդոնն արդեն համաձայնեցրել են Brexit-ի կարգի վերաբերյալ պայմանագիրը, սակայն չկա որեւէ երաշխիք, որ այդ փաստաթուղթը կվավերացվի բրիտանական խորհրդարանի կողմից։ Այդ է պատճառը, որ Լոնդոնն էլ է պատրաստվում «առանց գործարքի» Brexit-ին։